«Անթույլատրելի է նախկին իշխանությունում աշխատող կադրերին չընդգրկել նոր իշխանության համակարգում». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այժմ Հայաստանում արդյո՞ք ներդրումների համար ստեղծվել են բավարար պայմաններ, և, ի վերջո, ե՞րբ կլինեն կառավարության խոստացած ներդրումները, նշեց, որ եթե այս հարցադրումը լիներ  մայիսին, ապա բոլորովին այլ պատասխան կհնչեր, սակայն այս պահին պարզ է մեկ բան, որ կարևորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտ անցկացումը։

«Մինչև այդ թվում էր, թե պետք է այդ ընտրություններին նախապատրաստվենք, օրենսդրության փոփոխությունն անցկացնենք բնական հունով, հեղափոխության արդյունքում որոշակի իջնի մարդկանց ոգևորվածությունը, որպեսզի գնայինք ընտրությունների, սա լինելու էր բնական ընթացք։ Սակայն պարզվեց, որ հին ռեժիմն այդ ժամանակը չի օգտագործում նպատակային, փորձում էր ստեղծել կառույցներ, որոնք արգելակելու էին զարգացումները։ Այս ամենը քննարկելուց հետո հասկանում ենք, որ երկրի զարգացման համար ավելի արդյունավետ է ընտրությունների արագ անցկացումը։

Իհարկե, այս ընտրությունները չեն կարող լինել այնպիսի որակյալ, որ կլիներ, օրինակ՝ մեկ կամ երկու տարի անց։ Բոլորս ենք հասկանում, որ հեղափոխությամբ ոգևորված քաղաքացին դժվար թե կատարի ծրագրերի ընտրություն, ընտրողների մեծ մասը գնալու է ընտրություններին՝ հեղափոխությամբ ոգևորված։ Բայց գուցե այս պահին նման մոտեցում էր պետք, մեկ է, որ խորհրդարանում 33 տոկոս ընդդիմություն է լինելու»,- ասաց Ս. Բագրատյանը։

Ըստ նրա, գուցե 2019 թվականը սկսեն նոր մտածողությամբ՝ տնտեսության զարգացման ընթացքով, բացի այդ, արդեն տարվա վերջին բոլորի համար պարզ կլինի՝ այս ընթացքը ճի՞շտ էր, թե՞ սխալ։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո էլ անընդհատ կլինեն վերադասավորումներ, քանի որ քաղաքական դաշտը ձևավորվելուց հետո հինգ տարի այդպես չի մնա՝ ընթացքում վերադասավորումներ լինելու են, ինչը քաղաքականության և հեղափոխության տրամաբանությունն է։

Սերգեյ Բագրատյանը հորդորեց չառաջնորդվել այն կանխավարկածով, թե մեր  հեղափոխությունը բացարձակ արժեք է, ճիշտ է, նման փորձ հանրությունը չէր ունեցել, սակայն պետք է համախմբված աշխատել, որպեսզի անփորձի սխալների ճանապարհով չգնան և ողջ ներուժը ներդնեն տնտեսության և քաղաքականության մեջ։

«Անթույլատրելի է նախկին իշխանությունում աշխատող կադրերին չընդգրկել նոր իշխանության համակարգում, մեզ նման փոքր երկրերի համար նման ներուժը շատ չէ։ Այն տնտեսական և քաղաքական գործիչները, որոնք պատրաստ են եղել միշտ այսպես աշխատելու, սակայն տրված չի եղել հնարավորություն, նրանց պետք է տրվի հնարավորություն իրենց ներուժն իրացնելու համար»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։

Դիտարկմանը, թե ներդրումների համար որո՞նք են առավել գրավիչ ոլորտները, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ առաջին նմանատիպ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, այնուհետև՝ հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս