Բաժիններ՝

«Հեղափոխությունը չի անդրադարձել տնտեսության վրա». Սերգեյ Բագրատյան

«Հայաստանում քաղաքական հեղափոխությունը կայացել է, իսկ տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել։ Բնականաբար, քաղաքական առաջնահերթությունների պայմաններում տնտեսությունը չի կարող համընթաց չզարգանալ։ Այսինքն, եթե մենք արագ տնտեսական բարեփոխումներ չիրականացնեք, ապա կունենանք տնտեսության և քաղաքականության խզում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակին։

Նրա բնորոշմամբ՝ հեղափոխությունը չի անդրադարձել տնտեսության վրա այն պարզ պատճառով, որ այս պահին տնտեսության իրավիճակում որևէ բան չի փոխվել, բացի քաղաքական կամքից, որը ժխտում է կոռուպցիան և անարդարությունը։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ տնտեսության զարգացմանն ուղղված քայլեր չեն արվել։

«Բոլորս էլ գիտենք, որ առաջին քայլերից պետք է լիներ օրենսդրությության՝ մաքսային, հարկային ամբողջական փոփոխությունը։ Եվ ամենակարևոր քայլը պետք է լինի տնտեսության մեջ կադրային լավ քաղաքականությունը։ Թվում է, թե ազատ տնտեսական հարաբերություններում տնտեսության ձևավորող խաղացողները մրցակցության դաշտում են ձևավորվում, բայց մեզանում առկա են նախկին ռեժիմում ձևավորված տնտեսական գործիչներ։ Նրանք նոր պայմաններում պատրաստ չեն վերափոխվելու։

Բոլոր խոշոր խաղացողները նախկին ռեժիմի որոշակի պայմանավորվածությունների սխեմայում աշխատել են, նրանց մի մասը փորձել է պաշտպանվել օրենքի հնարավորություններով, մյուս մասը՝ հովանավորչություն փնտրել իշխանության տարբեր օղակներում»,- շեշտեց Ս. Բագրատյանը և նկատեց, որ այժմ տնտեսական դաշտի խոշոր խաղացողների մեծ մասը դեռևս իներցիայով շարունակում է աշխատել այն համակարգերում, որոնք ձևավորվել են նախկինում։ Այսինքն՝ նրանք չունեն հովանավորչություն, սակայն հարկային և մաքսային մարմիններում ունեն կապեր և հարկ եղած դեպքում օգտվում են իրենց ռեսուրսներից։

Կարդացեք նաև

Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ տնտեսության մեջ նոր խաղացողներ ի հայտ չեն գալիս այն պարզ պատճառով, որ օրենսդրությունը չի փոխվել, և դեռևս չկան այն ռեսուրսները, որոնք ունեն ներկայիս խաղացողները։ Բացի այդ, հին խաղացողները կուտակել են ֆինանսական մեծ ռեսուրսներ, ունեն փորձ և մեծ կապեր, այդ պատճառով էլ նորերին իրենց տեղը հեշտ չեն զիջելու։

«Պետք է իրականացնել տնտեսական հեղափոխությունը, որը, բնականաբար, տեղի կունենա դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Այդ ժամանակ խաղի կանոններն ամբողջովին պետք է փոխվեն, և այդ կանոններով այլևս մրցունակ չեն լինի նախկին խաղացողները։ 2019 թվականին ամբողջ տնտեսական դաշտը 80 տոկոսով փոխվելու է՝ թե՛ խաղի կանոնների, թե՛ խաղացողների առումով։ Միայն այս ամենից հետո կարող ենք սպասել տնտեսական հրաշքների։ Այս պահին մեր շատ տնտեսվարողներ խանգարում են տնտեսության զարգացմանը, հետևաբար՝ այս պահին իրատեսական չէ սպասել տնտեսական հրաշքի»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս