«Միայն թուրքը կարող էր նման բան անել. դանակն արդեն ոսկորին է հասել». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի Բելառուսից բավականին կաթնամթերք ու մսամթերք է ներկրվել Հայաստան. «Մոտ 80-85 հազար գլուխ երկու տարվա մեջ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում ունենք, ինչի հետևանքով թանկացել է նաև միսը։ Այսօր փափուկ մսի 1 կիլոգրամը շուկաներում արժի 4500-5000 դրամ, իսկ ոսկորոտ միսը՝ 3500-3800 դրամ։ Մենք ահազանգ ունենք, որ Բելառուսից նաև խոզի միս է ներկրվել և խանութներում վաճառվում է 2800-3000 դրամ։ Հասել ենք նրան, որ արդեն խոզի միսն ենք ներկրում։ Մոտ 1500 տոննա՝ ձմերուկ, դրանից մի փոքր պակաս լոլիկ է ներկրվել Հայաստան՝ Կրասնադարից։ Ամեն ինչ անում են, որ գյուղատնտեսություն Հայաստանում չլինի։ Այսօրվա պետության ղեկավարներն ամեն ինչ անում են, որ «գյուղատնտեսություն» բառը չլսեն»։
Բելառուսական մսամթերքի ներկրումը Բերբերյանին մտահոգում է. «Այդ պետությունը աճպարարության մեջ մեծ հմտություններ ունի. մի քանի անգամ ՌԴ-ն բացահայտել է երրորդ երկրից ներկրված, Բելառուսի միջոցով ԵՏՄ տարածք մտցված արտադրանք։ Իրավասու մարմինները պետք է զբաղվեն դրանով, բայց վերջերս հայատարարություններ ենք լսում, որ Գյուղատնտեսության նախարարություն պետք չէ Հայաստանին, հիմա էլ դա են ուզում կրճատել։ Լավ կլինի՝ ձեր ընտանեկան բյուջեն կրճատեք»։
Բերբերյանը նշեց, որ բոլոր գյուղերը դատարկել են, գյուղմթերքը ներկրում են, որ գյուղացին ոչինչ չարտադրի. «Միայն թուրքը կարող էր նման բան անել։ Բոլոր երկրներում գյուղացին սուբսիդավորվում է, Հայաստանում նման բան չկա։ Էդ բացահայտված գումարներն ո՞ւր գնացին, ինչի՞ գյուղացին չտեսավ. Քոչարյանի կամ գեներալ Մանվելի հսկայական գումարներն ի՞նչ եղան։ Եկեք՝ գյուղացուն սուբսիդավորենք։ Եթե մենք ԵՏՄ անդամ ենք, ուրեմն՝ հավասար պայմաններ են պետք։ ԵՄ-ում գյուղացուն սուբսիդավորում են, բուլղարացի ֆերմերը հեկտարի համար 500 եվրո է ստանում»։
Նա նշեց, որ կարտոֆիլն արդեն թանկացել է, գարնանն էլ ավելի է թանկանալու. «Կարտոֆիլն այս տարի քիչ է, հազիվ մեզ բավարարի»։
Ինչ վերաբերում է եղանակի կտրուկ փոփոխությանը, Բերբերյանն ասաց, որ դա գյուղոլորտում որևէ խնդիր չի առաջացնի. «Հիմնական բերքահավաքն ավարտել ենք, գյուղացին իր գործը լավ գիտի։ Եթե հանկարծ այսօրվա իշխանությունները կփորձեն այս ձևով վարել գյուղատնտեսությունը, մենք կոչով կդիմենք գյուղացիներին և նրանց ոտքի կհանենք։ Արդեն դանակը ոսկորին է հասել»։