«Ջո՛ն, ի՞նչ կապ ունի ՀՀ-ում տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններով մեծ մանդատ ստանալը Արցախի հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլերի համար»
Խաչիկ Ասրյանի պատասխանը Ջոն Բոլթոնին
Նախորդ 27 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան սրընթաց փոփոխություններ՝ հիմնականում նորահայտ Ամերիկա կոչվող տարածքի ղեկավարների անմիջական հրահրմամբ:
Երեկ Հայաստանում էր գտնվում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ո՞վ է այս զառամյալ ծերուկը: Բնականաբար, արտաքնապես ժողովրդավար, ազատատենչ, իսկ իրականում, սրտի ցանկությամբ և ուղեղի թելադրանքով, մեծ խառնակիչ, ժողովուրդների կործանման հիմք հանդիսացող պատերազմների ջատագով ԱՄՆ-ի մորթապաշտ ներկայացուցիչ:
Բոլթոնը, հստակ գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերները բացառապես Ռուսաստանի Դաշնությունն է, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, ամերիկացու լկտի ու ցինիկ պաշտոնյայի պահելաձևով, Հայաստանում հայտարարում է, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է: Ի՞նչ է նշանակում սա. ԱՄՆ-ի կողմից հրապարակավ, ուղղակի միջամտություն, գուցեև, սպառնալիք՝ ուղղված Հայաստանի ինքնիշխան պետության արտաքին քաղաքականությանը: Այսինքն՝ իրենց խաղաղության աղավնիներ կարծող ամերիկացի չինովնիկներից մեկը Հայաստանին առաջարկում է լավ զենք գնել ԱՄՆ-ից, և ոչ Ռուսաստանի՞ց: Փաստորեն, բախտներս բերեց, որ ամերիկացի Ջոնը չասաց, իբր ամերիկյան մշակույթն ու լեզուն ավելի հին ու արժեքավոր են, քան հայկական բազմադարյա մշակույթը և լեզուն:
Ջո՛ն, ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորմանը, հիշեցնեմ կամ տեղեկացնեմ քեզ, որ այն կարգավորվել է շատ վաղուց: Ավելին, Արցախի տարածքային ամբողջականությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշումը կարգավորվել է ոչ թե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խառնակիչ գործողությունների արդյունքում, այլ բացառապես արիատենչ հայ ազգի մարտիրոսված և կենդանի հերոսների, ասել է թե՝ ողջ հայ ժողովրդի միասնության շնորհիվ:
Ջո՛ն, առայժմ պարզ չէ Երևանում աղվեսային ոճով արտահայտած քո այն մտքի բուն նպատակը, թե «Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով մեծ մանդատ ստանա, ապա դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար, հավելելով, որ, եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաև ադրբեջանական կողմի հետ»:
Ջո՛ն, ի՞նչ կապ ունի Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններով մեծ մանդատ ստանալը Արցախի հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլերի համար: Չլինի՞, քո՝ Երևանում գտնվելու ժամերի ընթացքում, Հայաստանի կողմից որևէ բարձրաստիճան ազգադավ չինովնիկ հայ ժողովրդի անունից քեզ հաճելի խոստումներ է տվել…
Եթե քեզ թվում է, կամ եթե քեզ որևէ ստահակ գաղտագողի խոստացել է, որ, Հայաստանում, դեկտեմբերյան Ազգային Ժողովի արտահերթ կամ ցանկացած այլ ընտրություններում, որևէ քաղաքական ուժ, ստանալով հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն, և եթե անգամ այդ մեծամասնությանը միանան ընդդիմության բոլոր մանդատները, ինքը՝ այդ ստահակը, Հայաստանի Ազգային Ժողովում կամ Երկիր մոլորակի ցանկացած վայրում իրավունք և հնարավորություն է ունենալու քննարկել Արցախի ազատագրված սուրբ հողը հայատյաց Ադրբեջանին հանձնելու ծրագիրը, ապա հստակ իմացիր, որ այդ պահից սկսած ոչ միայն քո Ամերիկան է լինելու հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին, այլ Հայաստանակործան այդ ծրագրի քննարկողները՝ լինեն դրանք նախագահ, վարչապետ, նախարար, հոգևորական, թե շարքային քաղաքացի, ովքեր էլ Հանրապետության հրապարակում՝ վայրկյանների ընթացքում, սուրբ Եռաբլուրի առջև խոնարհվող և պատվախնդիր հայ ազգի կողմից դառնալու են մոխիր:
Այո՛, Ջո՛ն, Հայաստանը Ադրբեջանի հետ կարող է հանդիպել, խոսել, բանակցել միայն ու միայն մեկ հարցի շուրջ, այն է՝ հայկական պատմական Նախիջևանի վերամիավորումը մայր Հայաստանին:
Ջո՛ն, և՛ մենք, և՛ դուք շատ լավ հասկանում ենք, որ հայկական լեռնաշխարհը չի դառնալու ամերիկյան՝ ազգերին ստրկացնելու և ոչնչացնելու քաղաքական ծրագրերի մասը։
Ջո՛ն, ինչ վերաբերում է «Ազատությանը» տված քո հարցազրույցին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մասին՝ հաջորդիվ:
Եվ, որպես վերջաբան. Ջո՛ն, հասկացի՛ր, որ հայ ազգը իմաստուն և սրբագույն ազգ է, որը բացառապես ինքնուրույն է որոշում իր պետությանը վերաբերող բոլոր հարցերը, այս պարագայում՝ արտաքին քաղաքականության ուղղվածությունը. Հայաստանի ռազմավարական գործընկերներն են՝ Ռուսաստանի Դաշնություն, ՀԱՊԿ և ԵԱՏՄ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան