Բաժիններ՝

«Թքած ունենալու նուրբ արվեստը» չի զիջում դիրքերը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ սեպտեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը երրորդ հորիզոնականում է: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» չի զիջում դիրքերը. փաստավավերագրական. սեպտեմբեր, 2018

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։

Gepostet von Armenpress am Donnerstag, 25. Oktober 2018

Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունը» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Հինգերորդ հորիզոնականում Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Վեցերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Յոթերորդ հորիզոնականում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Ութերորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շերլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:

Իններորդ տեղում Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքն է: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Ընթերցողը կբացահայտի, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում ընթերցողը կառնչվի ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզի, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս