Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ դեսպան Միլսի վերջին հայտարարությունն ամբողջությամբ չի ներկայացվում

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցում արած հայտարարությանը, որ «առանց գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի  հնարավոր չէ լուծել Արցախի հիմնահարցը», բոլոր լրատվամիջոցներին հորդորեց, որ ԱՄՆ հեռացող դեսպանի այդ հարցազրույցն ամբողջությամբ թարգմանեն և տարածեն, քանի որ բոլորը տարածում են մեկ նախադասություն՝ հաշվի չառնելով ամբողջական հարցազրույցը։

«Այդ հարցազրույցը բավականին կառուցվածքային, համակարգային հարցազրույց էր, որտեղ պարոն Միլսը պատմում էր 3,5 տարիների ընթացքում Հայաստանի  զարգացման իրավիճակի մասին, իր տեսակետն էր հայտնում հեղափոխության, մեր քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ, և այլն։ Հարցազրույցի այն հատվածում, որտեղ նա խոսում էր Արցախի հիմնահարցի իր երկրի պատկերացումներից, նշում էր իր զարմանքը, թե 3,5 տարի առաջ հայ հասարակության մեջ այդ տարածքների հանձնումն ինչպիսի նեգատիվ երևույթ էր ընկալվում։ Եվ խոսում էր այն մասին, որ 3,5 տարի հետո հավանաբար տարածքները պետք է հանձնվեն, բայց 2016 թվականից հետո այս հանձնումը բավականին դժվար կլինի։ Եթե չակերտները բացենք, ապա դեսպանը նկատի ունի 2016 թվականի պատերազմը և դրան հետևած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի քննարկումները, որտեղ նշում էր, որ այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել բանակցություններ, և կողմերի հիմնական քայլերն ուղղված էին այդ մթնոլորտի ստեղծմանը»,- ասաց Հ. Իգիթյանը։

Հ. Իգիթյանի խոսքով՝դեսպան Միլսը հարցազրույցում նշել էր, որ մինչև մթնոլորտը չբարելավվի և մոնիտորինգի պահանջները չիրականացնեն Արցախում, երբ որ մի կողմը՝ ի դեմս Ադրբեջանի, փորձում է ագրեսիվ և ռազմական ձևով լուծել խնդիրը, ըստ էության այս բոլոր պայմանավորվածությունները չեն պահպանվի։

«Այն հանգամանքը, որ դեսպանն ասում էր, թե այս ամենը դժվար կլինի ապրիլյան պատերազմից հետո, խոսում է այն մասին, որ այս իրավիճակում «Մադրիդյան սկզբունքների» մասին դժվար է խոսել։ Ես այսպես եմ հասկանում, իհարկե, կան մարդիկ, որոնք փորձում են դեսպանի խոսքերը ներկայացնել՝ որպես ճնշում Հայաստանի նկատմամբ, բայց այս ամենից հետո այս կամ այն ձևով արձագանքել է Ռուսաստանը և Ֆրանսիան, և նշել են, որ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս