«Այս ընթացքում որ գործարան այցելել եմ, ասել են՝ թափուր աշխատատեղ կա, չենք կարողանում լրացնել». Նիկոլ Փաշինյան

«Մայիսի 8-ին իմ վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից մարդիկ կիսասթրեսային վիճակում են։ Հոկտեմբերի 2-ին, երբ պարոն Բաբլոյանի աշխատասենյակում քննարկման ժամանակ զրուցում էինք, ասում էիք՝ պիտակավորման մթնոլորտ է, այդ մթնոլորտը միայն կառավարությունը չի կարող լուծել»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, թե պետք է զերծ մնալ հավելյալ պիտակավորումներից։

Փաշինյանը նկատեց՝ էմոցիոնալ ֆոնը բարձրանում է, երբ փորձում են ժողովրդից խլել իշխանությունը. «Եթե նման նիստ է տեղի ունենում, նման քայլեր են տեղի ունենում, մարդիկ վրդովվում են։  Էմոցիոնալ ֆոնը բարձրանում է, որովհետև խնդիրն իմ վարչապետ լինել-չլինելու մեջ չէ, մարդիկ մտածում են՝ իրենք շարունակելո՞ւ են երկրում իշխանություն լինել, թե՞ ոչ։ Երկրում չկա քաղաքական ուժ, որն ուզում է վիճարկել, որ ՀՀ-ում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, և վերջ։ Երբ այս խնդիրը լուծենք՝ հավելյալ ջանք գործադրելու կարիք չի լինի»։

Ինչ վերաբերում է տնտեսության մեջ առկա խնդիրներին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանում մենաշնորհներն իմաստ չունեն, որովհետև շուկան փոքր է. «Մենք պետք է մտածենք՝ ինչ անենք, որ մեր տնտեսությունը միտված լինի արտահանմանը։ Պետք է մտածենք ոչ թե ուրիշ տեղից ինչ-որ բան ներկրելու մասին, որ մի կերպ այստեղ վաճառենք, դա էլ պետք է լինի, բայց պետք է մտածենք՝ ինչ արտադրենք, որ կարողանանք արտահանել, ինչ անենք, որ տուրիստների մեծ հոսք լինի»։

Փաշինյանի խոսքով՝ մարզերում գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. «Այդպիսի գաղափար կա, որ սիմվոլիկ, ասենք՝ 1000 դրամ, 500 դրամ պետք է թողնել, որ հարկ վճարելու կուլտուրան ուղղակի կենդանի մնա, մարդը չմտածի, որ ինքն ընդհանրապես հարկ չի վճարելու։ Բայց եթե այս հարկատուի ներքին կուլտուրայի հեղափոխությունը տեղի չունենա, հեղափոխությունը տեղի չի ունենա»։

Փաշինյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ մտածում են նաև, որ անհատ տաքսու վարորդներին ընդհանրապես պետք է ազատել որևէ վճարից. «Այսինքն՝ այն բիզնեսին, որ տարեկան 20-24 միլիոն դրամի շրջանառություն ունի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեև շատ է խոսվում Հայաստանում աշխատատեղերի բացակայության մասին, բայց որ գործարան այս ընթացքում այցելել է, ասել են՝ թափուր աշխատատեղ կա, չեն կարողանում լրացնել. «Դեռևս չի եղել, որ այնպիսի ձեռնարկություն մտնեմ, և այդ ձեռնարկության ղեկավարը չասի՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարողանում լրացնել։ Բայց մենք չաշխատելը խրախուսել ենք, ինչն ունեցել է քաղաքական ենթատեքստ։ Մենք պետք է մարդկանց ապացուցենք, որ զրոյից կարելի է փող աշխատել, հարստանալ, մենք չենք ուզում, որ աղքատները շատ լինեն մեր երկրում»։

Տեսանյութեր

Լրահոս