Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն իր պաշտոնական գրասենյակները կունենա ԵԱՏՄ անդամ երկրներում

Եվրասիական գործընկերության միջազգային գործարար համաժողովն իր պաշտոնական գրասենյակները կունենա ԵԱՏՄ անդամ երկրներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող, կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

«Համաժողովն իր գրասենյակն ունի Երևանում և Մոսկվայում: Քննարկում ենք ԵԱՏՄ անդամ այլ երկրներում ևս գրասենյակներ բացելու հարցը: Մեր հիմնական նպատակն է աջակցել բիզնեսին: Շատ ենք կարևորում բիզնեսի հետ աշխատանքը: Այս ընթացքում կազմակերպել ենք բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, որտեղ ներկայացվել են Հայաստանի տնտեսական հնարավորությունները: Մենք կարևորում ենք Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը և նման գրասենյակներով փորձում ենք անմիջական կապի միջոցով, օն-լայն ռեժիմով աշխատել բիզնեսի հետ»,-ասաց Արա Աբրահամյանը:

Նա նշեց, որ Հայաստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարծես փոքր-ինչ պասիվ են, ակտիվ չեն աշխատում Եվրասիական գործընկերության միջազգային գործարար համաժողովի պաշտոնական գրասենյակի հետ:

«Միգուցե դա նաև իմ բացթողումն է, երևի ես լավ չեմ ներկայացրել գրասենյակի աշխատանքները: Ամեն դեպքում մենք կարևորում ենք բիզնեսի հետ ակտիվ աշխատանքը: Այս օրերին Երևանում անցկացվում է տնտեսական միջազգային ֆորումը, որի շրջանակում մեծ հնարավորություններ են ստեղծված բիզնես ոլորտի ներկայացուցիչերի համար: Նախ ներկա էին ԵԱՏՄ երկրների պաշտոնյաներ, որոնց հետ հանդիպումներում, առաջին ձեռքից կարելի է հուզող հարցերի պատասխանները ստանալ: Դրանից բացի, ֆորումին ներկայացված են խոշոր ընկերություններ ֆինանսական կազմակերպություններ, որոնց հետ համագործակցության հնարավորություններ կան»,-ասաց Արա Աբրահամյանը:

ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը կարևորեց ֆորումի հարթակը: Նա նշեց, որ աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի բիզնեսին, և ընդհանրապես, հասարակությանը հուզող արդիական հարցերը կարող են բարձրացվել, մեկնաբանվել հենց առաջին ձեռքից: Ֆորումը բազմակողմանի միջոցառում է, այն ունիկալ է իր տեսակով, որը համախմբում է ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, ներկայացուցիչներին, այնպես էլ գործընկեր պետություններին »,-ասաց Սերգեյ Գլազևը:   Նա նշեց, որ ֆորումի օրակարգում ամենատարբեր հարցեր են, քննարկվում են թվային տնտեսությանը վերաբերող հարցեր, տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները:

ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի նշեց, որ Արդյունաբերության և առևտրի նախարարությունը ամեն տարի ակտիվ մասնակցում է ֆորումին: Այն լուրջ հարթակ է տարբեր տեսակետների, դիրքորոշումների քննարկումների համար ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այնպես էլ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների շրջանակում:

«Մենք քննարկել ենք արդյունաբերության զարգացման նոր ուղղություններին վերաբերող հարցեր: ԵԱՏՄ-ի շրջանակում ձևավորում են համապատասխան մեխանիզմներ, որոնցով կդիտարկվեն այդ նոր ուղղություններին վերաբերող խնդիրները, կնախանշվեն աճի ցուցանիշները և այլն»,-ասաց Գեորգի Կալամանովը: Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը տարեց տարի աճում է, և ահա այս ձեռքբերումը պետք է դիտարկել բազմակողմանի ձևաչափով: Գեորգի Կալամանովի խոսքով, Հայաստանում դեռ խորհրդային տարիներից լավ բազա է պահպանված տարբեր ոլորտների զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս