Վրացական իշխանությունները հայերից պահանջել են մեքենաները դուրս բերել իրենց երկրից, հակառակ պարագայում ամեն օր կտուգանվեն 10.000 դրամով
«Այսօր հայ-վրացական սահմանում արգելափակված է շուրջ 150 ավտոմեքենա, 2000-2500-ն էլ գտնվում են վրացական տարբեր քաղաքներում: Սահմանին արգելափակված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են դրանք դուրս բերել իրենց երկրից, հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիներն ամեն օր տուգանվում են 10.000 դրամով: Մարդիկ կան, որոնց տուգանքի չափը 200.000 դրամ է արդեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը պետք է արգելվեր աջ ղեկով մեքենաների ներմուծումը, բայց ԱԺ-ում, չգիտես ինչու՝ վերջին պահին նախագծից հանվել է «ժամանակավոր» բառն ու օրենքն անժամկետ ընդունվել է:
«Հանրային իրազեկումը քիչ եղավ, դա նաև պայմանավորված էր նրանով, որ հեղափոխության օրերն էին: Քանի որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը սիրում է ճապոնական մեքենաներ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ձեռք է բերում դրանք՝ այն ակնկալիքով, որ հոկտեմբերի 1-ից հետո պետք է Հայաստան ներմուծվեն: ՊԵԿ ենթակայության ներքո գտնվող մաքսակետում կար փակցված մի գրություն, համաձայն որի՝ արգելքը մինչև հոկտեմբերի 1-ն է, ՀՀ քաղաքացիները կարող են ներմուծել մեքենաներ, վերասարքավորում իրականացնել, այսինքն՝ ղեկը տեղափոխել: Սակայն մարդիկ ձեռք բերեցին մեքենաներ ու կանգնեցին փաստի առջև: Մեքենաների քանակն ու տուգանքները մեծանում են ամեն օր»,- նշեց Արթուր Միսակյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը շեշտում է՝ ՀՀ քաղաքացիները ֆինանսական ահռելի կորուստներ են կրում, Կառավարությունը պետք է օժանդակի և լուծեն խնդիրները:
«Օրենքը հաղթահարելու եղանակներից է նոր օրենքի ընդունումը, հարյուրավոր մարդկանց սնանկացումից փրկելը, քանի որ հարյուրավոր մարդիկ մեքենա ձեռք են բերել վարկով: Առաջարկում ենք, որ թույլ տրվի մինչև 2020 թվականը մեքենաները ներկրել ՀՀ»,- ընդգծեց Արթուր Միսակյանը:
Անի Կարապետյան