
Մեջլիսի հայ պատգամավոր. «Սաուդցի լրագրողի գործով Թուրքիան կարող էր քավության նոխազ դառնալ»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը:
Հայ պատգամավորի կարծիքով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունը պատմության մեջ որպես մեծ սկանդալ կմտնի և կունենա իր հետևանքները:
«Ինչքան էլ այդ երկրի հյուպատոսարանի տարածքն իրեն պատկանի, այնուամենայնիվ, այդ տխուր դեպքը Թուրքիայում է կատարվել, և մեր վրա նույնպես պատասխանատվություն է ընկել: Այդ պատասխանատվությունն առաջին հերթին սպանության բոլոր մանրամասները պարզելն է ու դրանով հանդերձ մեր երկրի նկատմամբ անարդարություն թույլ չտալն է:
Թուրքիան այս առումով շատ հաջողությամբ արեց իր անելիքը: Հավանաբար սպանությունը ծրագրողները վերոնշյալ 2 հարցում Թուրքիայի հնարավորությունները ճիշտ չէին հաշվարկել: Խաշոկջիին սպանողները, սպանությունը Ստամբուլում իրականացնելով, հավանաբար մտածում էին մեկ քարով 2 թռչուն որսալ, ազատվել ընդդիմադիր լրագրողից ու Թուրքիայի համար էլ գլխացավանք սարքել: Եթե նույնիսկ այդ ամենն ի սկզբանե այդպես էլ ծրագրված չէր, ապա ամեն դեպքում Թուրքիան կարող էր դառնալ քավության նոխազ, եթե գործընթացը ճիշտ չկազմակերպեր»,- գրում է Էրդողանի կուսակից պատգամավորը:
Ըստ Եսայանի՝ Թուրքիայի ճիշտ աշխատանքի շնորհիվ է, որ սաուդյան կողմը խոստովանեց լրագրողի սպանության փաստը:
«Մյուս կողմից սխալ է նաև այն բնորոշումները, թե իբր «Թուրքիան Սաուդյան Արաբիայի քիթը գետնին քսեց»: Մեր երկրում անմեղ մարդ է սպանվել, և Թուրքիան, որպես մեծ պետություն, պետք է անի անհրաժեշտը՝ անկախ նրանից, թե ովքեր են մեղավորները: Այսինքն Թուրքիան այնպիսի երկիր չէ, որ հանուն Սաուդյան Արաբիայի հետ ունեցած շահերի աչք փակի այդ միջադեպի վրա»,- եզրափակել է Եսայանը: