«Տարբեր բան է իշխանության կոալիցիայի մեջ ըլլալ, բայց իրենց պես չըլլալ վերջին հաշվով։ Եվ մենք կհավատայինք, որ իրենց պես չէինք». Հակոբ Բագրատունի
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին ողջունում է Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը։ Ըստ նրա՝ տարբեր առիթներով Դաշնակցությունն ասել է, որ պետք է վերացնեն Հայաստանում փտածությունը, օլիգարխիան, կասեցնեն արտագաղթը, պետք է լինի թափանցիկություն։
«Եվ այսօր մեզ համար մեծ գոհունակություն է, որ հակառակ անցած 27 տարիների դժվարությունների, այսօր Հայաստանի մեջ կա՛ իշխանություն, որի համար այս հարցերն առաջնահերթություն են»,- ասաց Հ. Բագրատունին՝ հույս հայտնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանը կհաղթի։
Հարցին՝ դեկտեմբերն ընտրությունների համար ընդունելի՞ ժամկետ է, Հ. Բագրատունին պատասխանեց, որ ավելի երկար ժամանակ լինելու դեպքում հնարավոր կլիներ ավելի լավ պատրաստվել դրանց, բայց հասկանալի են նաև իշխանությունների մտահոգությունները, որ այդ ժամանակը կարող է և օգտակար չլիներ Հայաստանին։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, ՀՅԴ ԳՄ-ն ավելի լավ կարող է կողմնորոշվել այս հարցում։
168.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունեն Հայաստանում իշխանությունների հետ մի քանի անգամ կոալիցիա կազմած Դաշնակցության վարկանիշի անկման մասին, ինչը ցույց տվեցին նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, Հ. Բագրատունին պատասխանեց, թե քաղաքական ըմբռնողության հարց կա, տասնամյակների ընթացքում ՀՅԴ-ի մասին երազում էին Հայաստանում, իսկ մինչ օրս ինչ կատարվում է, լավ բացատրելու և ընկալելու խնդիր է, բայց մարդիկ կհասկանան իրական խնդիրները։
«Տարբեր բան է իշխանության կոալիցիայի մեջ ըլլալ, բայց իրենց պես չըլլալ վերջին հաշվով։ Եվ մենք կհավատայինք, որ իրենց պես չէինք»,- ասաց Հ. Բագրատունին՝ նկատելով, որ, երբ հեղափոխությունը եղավ, ՀՅԴ-ն առաջինն էր, որ կոալիցիան քանդեց։
Մանրամասները՝ տեսանյութում։