Բաժիններ՝

Գազելի վարորդները չեն ցանկանում ավտոբուս քշել. «Ա1+»

28 միկրոավտոբուսային երթուղու տնօրենը դեմ չէ կառավարության դեմոկրատական մոտեցումներին, սակայն մտահոգություն ունի, որ նոր ավտոբուսներ բերելուց հետո շատ խնդիրներ կառաջանան:

«Մենք չունենք այդ ավտոբուսների համար նախատեսված պարկեր, պահեստամասեր, որտե՞ղ պետք է վերանորոգվեն այդ ավտոբուսները, եւ վերջապես մեր վարորդները չեն ցանկանում ավտոբուսներ վարել»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը: 28 համարի երթուղին սկսվում է Հարավ Արեւմտյան Բ2 թաղամասից եւ վերջանում Զեյթունի ուսանողական հանրակացարանի 6-րդ մասնաշենքի մոտ:

Ազատամատրիկ Աբրահամյանի խոսքով, իր երթուղին  20 գազել ունի, որոնց վարորդները բոլորը վարկեր ունեն եւ եթե ավտոբուսներ վարեն, չեն կարողանա մարել վարկերը. «Լիքը վարկեր ունեն, եթե գազելները հանեն, հիմա էդ մարդիկ պետք է էլի վարկեր վերցնեն, որ հները փակեն: Ես ազատամարտիկ եմ, 10 ազատամարտիկի եմ աշխատանքի վերցրել, պաշտպանության նախարարությունը ասեց՝ գնա գիծն աշխատացրու: Ես դեմ չեմ ավտոբուսներին, բայց մենք վարորդ չունենք, գազել քշողները չեն կարող ավտոբուս քշել»:

Նույն երթուղու վարորդ, 6 գազելի սեփականատեր Անդրանիկ Վարդանյանը հաստատեց՝ գազելներ գնելու համար վարկեր են վերցրել եւ ավտոբուսների դեպքում չեն կարողանա վճարել դրանք:

«Մենք հիմա աշխատավարձ չենք ստանում, իսկ ավտոբուսներ վարելու դեպքում կստանանք 60-70 հազար դրամ: Ինչպե՞ս ենք փակելու վարկերը, մնում է գնանք այս երկրից»:

Գազելի վարորդը չի հերքում, որ նախատեսվածից շատ ուղեւոր է տեղափոխում՝ վտանգելով իր եւ ուղեւորների կյանքը: Վլադիկ Աբրահամյանն ասում է՝ ճիշտ է շատ են նստում, բայց ուրիշ տարբերակ չկա. «Մարդիկ աշխատանքի, դասի են գնում, բա ինչ անեն, պետք է տեղ հասնեն: Մեր վարորդները միշտ մաքուր են, սափրված, ռաբիզ երաժշտություն չի հնչում մեքենայի մեջ»:

Այսօրվա բանախոսները դեմ չեն նաեւ տրասպորտի սակագնի բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս