«Գործադիր իշխանությունը հանձնառու է գործող ԸՕ-ով անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ հնարավոր կլինի ապահովել առավելագույն վստահություն». Արտակ Զեյնալյան
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօրվա արտահերթ նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ այսօր երկիրը գտնվում է ֆորսմաժորային իրավիճակում։
Ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ գնահատականը քաղաքական է. «Ես իրավական գնահատականը տվեցի՝ հակասահմանադրական իրավիճակ, որ ԱԺ-ում բացակայում է կայուն քաղաքական մեծամասնությունը։ ԱԺ-ն չի արտահայտում քաղաքական իրական պատկերը դրսում։ Այսօր ԱԺ-ում առկա իրավիճակը հենց դրա մասին է խոսում։ Մենք օր առաջ պետք է անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այս առումով համախոհներ են։ Նաև հետաքրքրվեց, թե հին ԸՕ-ի մնալու պայմաններում ապագա իշխանությունների ձևավորման հետ կապված ռիսկեր տեսնո՞ւմ է։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներկայացված նախագիծն ավելի նպաստավոր է՝ ընտրական ինստիտուտների նկատմամբ հավատի ձևավորման տեսանկյունից։
«Փոփոխությունների չընդունվելու դեպքում գործադիր իշխանությունը հանձնառու է գործող ԸՕ-ով անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ այդ պայմաններում հնարավոր կլինի ապահովել առավելագույն վստահություն։ Այդպիսի ընտրակարգով անցկացվեցին Երևանի ավագանու ընտրությունները, և դրանց նկատմամբ վստահության ռեսուրսը շատ ավելի բարձր է, քան նախկինում անցկացված ընտրություններինը»։