«Երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորսմաժորային լուծում է առաջարկում». Արտակ Զեյնալյան

«Պարոն Զեյնալյան, դուք նորմա՞լ եք համարում, որ ԸՕ-ն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով։ Առաջին ընթերցումն այսօր անենք, երկրորդը վաղը, երբ ակնհայտ է, որ քննարկման հարցեր կան։ Ես ընդհանրապես չեմ հիշում, որ ԸՕ-ն այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, երբ տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում  ««ՀՀ ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որի հիմնական զեկուցողն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ սովորական պայմաններում կհամաձայներ, բայց երկրում իրավիճակն, ըստ նրա՝ ֆորսմաժորային է. «Ես ձեզ համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում։ Այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորսմաժորային լուծում է առաջարկում»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ զարմացավ Զեյնալյանի խոսքերի վրա. «Նման իրավիճակ իրականում չկա, արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից։ Արհեսատականորեն օրակարգ է բերվում այն, ինչը մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգային չպետք է լիներ։ Անգամ, եթե ամեն ինչ իրականացնեք, արդյո՞ք կուսակցությունները հնարավորություն կունենան նորմալ պատրաստվել ընտրություններին»։

Արտակ Զեյնալյանը համաձայն չէր. «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդն այլ սպասումներ ունի։ Կառավարության ծրագրում ևս տեղ է գտել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և անհրաժեշտ է, որ ընդունվի մեր ներկայացրած օրենսդրական փաթեթը։ Մեր նպատակն այնպիսի ընտրությունների անցկացումն է, որ վստահություն լինի։ Երկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. ԱԺ-ում այս պահին բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը, ինչը մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է։ Սա ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի»։

Բաբուխանյանը, սակայն, մնաց իր տեսակետին և խնդրեց պարզաբանել՝ եթե ԸՕ-ն ընդունվի և նոյեմբերի 1-ին սկսվելու են նախընտրական գործընթացը, 7 օրը բավարար կլինի՞ կուսակցություններին. «Կուսակցություններին հնարավորություն չի տրվում նախապատրաստվել, այդպիսի ընտրությունները ժողովրդավարակա՞ն են»։

Զեյնալյանն էլ ասաց, որ արվող փոփոխությունները եղած փոփոխությունների պարզեցում են. «Եթե կա բարդացում, դրանք տեխնիկական են»։

Տեսանյութեր

Լրահոս