««Ազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան՝ խաղաղություն». Արցախի ԱԺ փոխնախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորումը դժվար է պատկերացնել առանց «գրավյալ որոշ տարածքների վերադարձի», նշեց, որ ԱՄՆ դիվանագետի այս ուղերձը պետք է դիտարկել  Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների խորապատկերի վրա։

Նրա խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները փորձում են տարածաշրջանում մեծացնել իրենց ազդեցությունը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա։

«Այս տեսանկյունից ԱՄՆ դեսպանն ականջ շոյող հայտարարություններ է անում՝ հասցեագրված Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի համար շարունակում է լինել բարեկամ երկիր և հետևողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի, տվյալ պարագայում շոշափելով նաև ազատագրված տարածքները։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ավելի շատ հետապնդում էր հենց այս նպատակը»,- ասաց Վ. Բալայանը։

Ըստ նրա, Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ «ազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան՝ խաղաղություն։

«Մեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք այսօր հանդիսանում են Արցախի անբաժանելի մասը, մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն՝ Արցախի անվտանգությունն ապահովելու առումով, մյուս կողմից էլ՝ Հայաստանի անդորրը պահելու տեսանկյունից։ Օրինակ, Նախիջևանի հետ կապված վերջին զարգացումները նույնպես այս մասին են վկայում, որ հայկական այդ տարածքը խլելով հայ ժողովրդից՝ մի տեսակ դարձրել են կոկորդին կանգնած ոսկոր։ Այս առումով այն մեզ համար մի նոր պատերազմի ճակատ է դարձել։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ոչ միայն հայտարությունների  տեսքով, այլև՝ գործնականում, պետք է  աշխարհին ցույց տանք, որ ազատագրված տարածքներն անվերադարձ են, և այսօր այնտեղ ապրում են հազարավոր փախստական հայեր, որոնք ժամանակին բռնի գաղթել են Սումգայիթից և Բաքվից»,- շեշտեց Արցախի խորհրդարանի փոխնախագահը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի սառեցված վիճակին և դրա վտանգավոր հետևանքներին, Վահրամ Բալայանը նկատեց, որ, եթե չկա երկխոսություն, ապա դրան հաջորդող քայլը միշտ պատերազմն է։

«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան պատերազմել։ Սակայն պետք է ասենք, որ այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այժմ երկու կողմերի մոտ իրար ուսումնասիրելու փուլ է սկսվել։ Այս համատեքստում, չեմ կարծում, որ պետք է ակտիվ գործընթացներ սկսվեին։ Ըստ իս, միջնորդ երկրները նույնպես այս տեսանկյունից են հարցը դիտարկում։ Բոլոր դեպքերում Արցախի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են, քանի որ վերջիվերջո յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ և բանակցությունների միջոցով։ Պատերազմի փուլը մեզ մոտ հասել է այնպիսի հանգրվանի, որ արդեն բանակցությունների ժամանակն է»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Զվարթ Խաչատրյան  

Տեսանյութեր

Լրահոս