«Ինքնիշխան Արցախը ձախողված Ադրբեջանին զիջելու տարածք չունի». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հիմնահարցի լուծման վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, ասաց, որ իրավիճակն առավել քան հստակ պետք է լինի. «Մեզ համար Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքը, այն է՝ 11 հազար 432 կմ քառակուսի, անսակարկելի է, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնատար անձանց արձագանքը նման ամեն տիպի հայտարարություններին պետք է լինի միանշանակ հստակ և կտրուկ։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ Արցախը չունի զիջելու տարածք՝ ագրեսոր Ադրբեջանին»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական 2 ագրեսիա հետ մղելու արդյունքում. «Հետևաբար, ձախողված ագրեսորին ինքնիշխան Արցախը, իր ապրելու իրավունքը զենքով վաստակած արցախահայությունը զիջելու տարածք չունի։ Այդ առումով ես լիովին համամիտ եմ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, որը շատ կտրուկ արձագանքեց այդ հարցին։

Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ վերադարձ անցյալի չկա, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Միլսի հայտարարությունը տրամադրություններ ստուգելու միտում ունի։ «Ինձ համար էական չէ, թե համանախագահող երկրներից որի ներկայացուցիչն է նման հայտարարություն անում, այստեղ արևմտամետության կամ ռուսամետության խնդիր չկա, հայաստանակենտրոնության խնդիր կա։ Անկախ այն հանգամանքից, թե որ համանախագահող երկրի ներկայացուցիչն է նման հայտարարություն անում, մեր դիրքորոշումը պետք է լինի մեկը՝ Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքն անսակարկելի է, որովհետև սա հայոց պետականության անվտանգության առաջնային գրավականն է։ Այստեղ մենք ուղղակի զիջելու և սակարկելու տեղ չունենք»։

Տեսանյութեր

Լրահոս