
ԵՄ-ի դատարանը Լեհաստանին պարտավորեցրեց կասեցնել դատական համակարգի բարեփոխումը

Արդարադատության եվրոպական դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն, Լեհաստանի կառավարությունը պարտավոր է կասեցնել նոր օրենքների գործողությունը, որոնք ընդունվել են երկրում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում:
«Դատարանը պետք է անհապաղ կասեցնի Գերագույն դատարանի դատավորների համար կենսաթոշակի անցնելու տարիքի նվազեցմանը վերաբերող ազգային օրենսդրության դրույթների կիրառումը»,-ասված է որոշման մեջ: 2017 թվականի դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ պատժիչ ընթացակարգ գործարկեց Լեհաստանի նկատմամբ դատական համակարգի անկախության հիմնարար սկզբունքի խախտման համար: Դա կարող է հանգեցնել ԵՄ-ի Խորհրդում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն: Այս տարվա սեպտեմբերի 24-ին Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց ԵՄ-ի դատարան Լեհաստանի իշխանությունների դեմ հայց ներկայացնել երկրում դատական համակարգի բարեփոխումների անցկացման կապակցությամբ:
Եվրահանձնաժողովը, մասնավորապես, նշում է, որ նոր լեհական օրենքը Գերագույն դատարանի դատավորների համար կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից նվազեցրել է մինչեւ 65, ինչը վաղաժամկետ ազատման սպառնալիքի տակ է դնում 72 դատավորներից 27-ին, ներառյալ այդ մարմնի նախգահին: ԵՀ-ն ստեղծված իրադրությունը գնահատում է որպես Գերագույն դատարանի աշխատանքի վրա լեհական պետության ազդելու փորձ: Վարշավան անհիմն է համարում Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: