
«Ինձ դուրս շպրտեցին «Յուվենթուսից»». «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաին

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է, որ չի ցանկացել հեռանալ թուրինյան «Յուվենթուսից»:
«Իտալիայի գավաթի եզրափակչից հետո ես հասկացա, որ ինչ-որ բան կոտրվեց: Եվ այդ պահին ակումբը գնեց Ռոնալդուին: Ես չեմ որոշել հեռանալ, ես իմ ամբողջ ուժերը տվել եմ «Յուվենթուսին», որպեսզի մենք բազմաթիվ տիտղոսներ նվաճենք: Ակումբը մեկ քայլ առաջ կատարեց, ստորագրեց Կրիշտիանուին, իսկ ինձ ասացին, որ ես չեմ կարող մնալ: Նրանք ելք էին փնտրում իրավիճակից, և լավագույն լուծումը «Միլանն» էր:
Ոչ, ես վրեժ չեմ փնտրում: «Յուվենթուսի» նկատմամբ ես բացարձակապես դրական վերաբերմունք ունեմ: Թիմակիցները և երկրպագուներն ինձ լավ են վերաբերվել, բայց ես երբեք չեմ ցանկացել հեռանալ: Ըստ էության, ինչպես և բոլորը ասում են, ինձ դուրս շպրտեցին: Ես միանգամից սիրահարվեցի «Միլանին», ակումբը համոզեց ինձ տեղափոխվել»,- Իգուաինին է մեջբերում Gazzetta dello Sport-ը:
Իգուաինը «Յուվեից» «Միլան» տեղափոխվեց վարձավճարով: «Յուվեի» հետ Գոնսալոն հաղթել է Իտալիայի 2 առաջնություն և երկրի 2 Գավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը