«Վարչապետը, բացի պաշտոնական երաշխիքներից, ունի նաև այլ երաշխիքներ». Վիգեն Հակոբյան
«Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա չեմ կարծում, թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ քաղաքական ուժ փորձի անակնկալ անել, ապա այդ պարագայում հեշտ կլինի խաղարկել «գցեցին» տերմինը, ինչին, ըստ նրա՝ ժողովրդի մեծ մասն էմոցիոնալ է արձագանքում։
«Վարչապետն էլ, բացի պաշտոնական երաշխիքներից, ունի նաև այլ երաշխիքներ. պայմանավորվածություններ երևի եղել են։ Դրանից հետո միայն հայտարարվեց հրաժարականի մասին։ Բայց նույնիսկ այս պարագայում «Ելքի» հետ հանդիպման ժամանակ շոշափվեց այն թեման, որ կարող է առաջադրվել՝ չընտրվելու կանխավարկածով։ Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում փորձում է գերերաշխիքներ ունենալ։ Այսինքն՝ առաջիկա երկու շաբաթը կանցնի նախատեսված սցենարով»։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ բավականին սուր քննարկումներ կարող են ընթանալ Ընտրական օրենսգրքի շուրջ. «ԱԺ-ում բանավեճեր կլինեն և՛ քաղաքական, և՛ առևտրի առումով, քանի որ դրանից է կախված, թե ընտրություններում ինչ արդյունք կարող են ունենալ։ Ըստ նոր օրենսգրքի՝ 4-րդ քաղաքական ուժի պարտադիր ներկայությունն ԱԺ-ում շատերի համար հույսեր է ստեղծում։ Այնպես որ, հիմնական լարվածությունը, քաղաքական առևտուրը կարող է ընթանալ ԸՕ-ի շուրջ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում