«Կոնսերվատորիաներում սխալ ուսուցիչներ են դասավանդում». Դավիթ Աբրահամյան
Դասական երաժշտության և նորագույն տեխնոլոգիաների համադրություն՝ 21-րդ դարին համահունչ: Հենց այս տեսլականն իր մտքում իսպանաբնակ ալտահար Դավիթ Աբրահամյանը ստեղծեց իր Dakapp (Digital Artist Knowledge Application) ծրագիրը, որն ապահովում է բոլորին հասանելի վարպետության դասընթացներ՝ հանրաճանաչ մենակատարների ղեկավարությամբ: Դավիթ Աբրահամյանը Հայաստանում է, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է, փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդես կգա իր ուսուցիչներից Բորիս Բելկինի (ջութակ) հետ: «Արմենպրես»-ը Դավիթ Աբրահամյանի հետ զրուցել է Իսպանիայում հաստատվելու, սեփական հավելվածի ու կրթական ասպարեզի խնդիրների մասին:
Երկրորդ անգամ Հայաստանում
Հոկտեմբերի 19-ին հանդես եմ գալու Բորիս Բելկինի և Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Բելկինին ամբողջ աշխարհը գիտի, ես Հոլանդիայում նրա մոտ եմ սովորել, Maastricht Academy of Music-ում: Երբ այնտեղ սովորում էի, նա դասավանդում էր ու մի քանի հայ ուսանող ունեցել:
Շատ մտերիմ եմ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Չաուշյանի հետ, նա առաջարկեց համերգով գալ: Ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ եմ հանդես գալու, Հայաստանում կյանքումս երկրորդ անգամ եմ ելույթ ունենալու, առաջին անգամ անցյալ տարի Կամերային նվագախմբի ու ջութակահար Աստղիկ Վարդանյանի հետ նվագեցինք: Դրանից առաջ Հայաստանում չէի եղել: 9-10 տարեկանում էի վերջին անգամ այստեղ, հիմա 35 տարեկան եմ:
Երաժշտական ընտանիք
1990-ականներին հայրս Իսպանիայում աշխատանք ստացավ, գնացինք այնտեղ ապրելու: Իմ ընտանիքը երաժշտական է, ամբողջ օրը տանը երաժշտություն է հնչում: Հայրս՝ ջութակահար է, մայրս՝ դաշնակահար: Ես շատ ուշ եմ սկսել նվագել՝ 17 տարեկանում: 10-ում փորձեցի նվագել, հետո թողեցի: 17-ում լսեցի Շուբերտի Arpeggione Sonata-ն ու հասկացա, որ անպայման պետք է նվագեմ այն: Այդպես էլ արեցի:
…Ալտն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում, բայց, օրինակ, Յուրի Բաշմետն այն ժողովրդականություն վայելող գործիք է դարձրել:
Digital Artist Knowledge Application
Ես DakApp-ի՝ Digital Artist Knowledge Application-ի հիմնադիրն եմ: Դրա շրջանակում վարպետության դասեր ենք անցկացնում ամբողջ աշխարհում ամենամեծ մենակատարների՝ օրինակ՝ Միշա Մայսկիի, Լեոնիդաս Կավակոսի և այլոց մասնակցությամբ: Վարպետության դասընթացները նկարահանվում են, տեղադրվում ծրագրում, հասանելի դառնում բոլորին: Կատարվում է նաև պարտիտուրների վերլուծություն, նկարահանվում է հարցազրույց տվյալ մասնագետի հետ, շանս կա նաև մասնագիտական հարց տալ: Ամբողջ աշխարհն ունի հնարավորություն նայելու այդ վարպետության դասերը:
Գաղափարը ծնվեց դեռ 2013 թվականին: Այն ժամանակ աշխատում էի Mozart Orchestra-ում դիրիժոր Կլաուդիո Աբադոյի մոտ: Երբ նա 2014 թվականին մահացավ, չցանկացա այլևս այնտեղ աշխատել: Գնահատում էի ազատությունս, ուզում էի մի բան անել, որ դասական երաժշտությունը ներկայացվի 21-րդ դարում, ինչպես նաև համադրվեն դասական երաժշտությունն ու նորագույն տեխնոլոգիաները: Թայլանդում, օրինակ, քայլում եմ փողոցում, տեսնում եմ, որ երեխաները սոված են, փող են մուրում, բայց ամեն մեկը մի թաբլեթ ունի ձեռքին:
DakApp-ի բացառիկությունն այն է, որ գրեթե հնարավոր չէ մասնակցել այդ երաժիշտներից շատերի վարպետության դասերին: Իսկ հավելվածի շնորհիվ մարդիկ կարող են նայել ու ոգեշնչվեն, ինչպես նաև սովորել:
Կրթական ոլորտի խնդիր
Կրթական համակարգն ամենուր վատ վիճակում է, քանի որ հիմնական կրթությունը դարձել է ժամանակի և փողի կորուստ: Ժամանակները շատ են փոխվել:
Կոնսերվատորիաներում սխալ ուսուցիչներ են դասավանդում: Պետք է այնպիսի մարդիկ դասավանդեն, ովքեր կոգեշնչեն նոր սերնդին: Մեզ պետք են մարդիկ, ովքեր իսկապես կոգեշնչեն ու կքաջալերեն անկախ մտածելակերպը, կսիրեն իրենց աշխատանքը: Հին համակարգը փոխել է պետք:
Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարը՝ Էդուարդ Սեպետչյանի