Հայկական Renderforest-ն առաջարկում է ավտոմատացված եղանակով 3 վայրկյանում տեսանյութ ստեղծել
Հայկական Renderforest-ի վիդեո խմբագրիչում ներդրվել է մեքենայական ուսուցում:
«Սա հեղափոխական քայլ է առցանց վիդեո արտադրության մեջ և ժամանակի խնայողության մեծ հնարավորություններ է բացում մեր օգտատերերի համար»,- նշում է RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը:
Նարեկ Սաֆարյանը նշում է նաև այն փոփոխությունները, որ տեղի են ունցել հարթակում.
«Մենք թարմացրել ենք մեր Գաղտնիության քաղաքականությունն օգտատերերի կողմից մշակվող ինֆորմացիայի մասով։
Եթե նախկինում ամեն օգտատեր տեսարանների գրադարանից կարողանում էր ընտրել տեսարաններ ու հավաքել վիդեոներ, ապա այժմ մենք կարողանում ենք վերցնել վիդեո սցենարը, մշակել այն և կառուցել վիդեո՝ 3 վայրկյանում՝ ավտոմատացված եղանակով:
Համակարգը կսովորի ամեն նոր օգտատիրոջ արած փոփոխությունները և 6 ամիս անց նույն սցենարից կստանա ավելի լավ վիդեո, քան նախկինում։
Օգտատիրոջ գրված տեքստերում եթե մենք գտնենք ավելի լավ տեսարանների առաջարկներ, մենք դա կառաջարկենք նրանց՝ օգնելով ստանալ ավելի արդյունավետ վիդեոներ»։
Հիշեցնենք, որ վերջերս հարթակը գրանցել էր օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:
Հարթակի միջոցով կարելի է րոպեների ընթացքում պատրաստել պրեզենտացիաներ և տեսանյութեր: Հայկական հարթակն օգնում է հատկապես կորպորատիվ տեսանյութեր կամ բիզնես անիմացիաներ պատրաստելիս: Սակայն հարթակը հրաշալի տարբերակ է նաև ծննդյան շնորհավորանքները, հարսանեկան հուշերը, կարևոր իրադարձությունների լուսանկարները մեկ տեսանյութում հավաքելու համար:
Սիրարփի Աղաբաբյան