
«Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարցերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում և ռուս-հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել էր «Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, նախարարության մի շարք կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ, համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռուսական կողմից մասնակցում էին «Յունիթել ինժինիրինգ» ՍՊԸ, «Ինֆորմտեխնիկա ի սվյազ» ԲԸ, «Կալուժսկի տուրբիննի զավոդ» ԲԲԸ, «Ռոսսկատ» ԲԸ, ինչպես նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Շարժական ծրագրերի և մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչները: Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է եղել ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում:
Նշենք, որ Expo Russia Armenia-2018 6-րդ բիզնես ֆորումի թեմատիկ ուղղություններն են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, տրանսպորտը, երկրաբանությունը, կապը և հաղորդակցությունը և այլն: