Ուորեն Բաֆեթը գլխավորել է ամենաշատ նվիրատվություններ արած ամերիկացիների վարկանիշը. Forbes
Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն առաջին տեղն է զբաղեցրել այն ամերիկացիների վարկանիշում, որոնք ամենաշատ նվիրատվություններն են կատարել տարվա ընթացքում, վարկանիշ, որը ներկայացրել է Forbes հանդեսը: Ինչպես ճշտել է հանդեսը, 2017 թվականին Բաֆեթը բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել է 2,8 մլրդ դոլար:
Հանդեսի տվյալներով՝ Բաֆեթը 2 մլրդ դոլարից ավելի փոխանցել է իր մտերիմ ընկերների՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա տիկնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամներին: Մնացած գումարը ներդրողը բաշխել է իր կողմից հիմնադրված Սյուզան Թոմփսոն Բաֆեթ հիմնադրամի, որը կոչվել է Բաֆեթի հանգուցյալ կնոջ պատվին, ու եւս երեք կազմակերպությունների միջեւ, որոնք հիմնվել են զույգի զավակների կողմից:
Երկրորդ տեղում հայտնվել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, որոնք բարեգործությանը նվիրաբերել են 2,5 մլրդ դոլար: Ամուսինները միջոցները փոխանցել են սեփական բարեգործական կազմակերպություններին՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի տարածման դեմ պայքարող հիմնադրամին եւ այն հետազոտական ինստիտուտին, որը դեղորայք է մշակում այդ հիվանդությունների դեմ:
Զույգը նաեւ օգնել է Հանուն Աֆրիկայում «կանաչ հեղափոխության» դաշինքին, որն օժանդակում է այս մայրցամաքում գյուղատնտեսության զարգացմանը: Երրորդ տեղը բաժին է հասել միլիարդատեր եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգին: Ֆիլանտրոպը բարեգործությանը նվիրաբերել է 702 մլն դոլար. նրա կողմից աջակցվող նախաձեռնությունների թվում են՝ ինովացիաների զարգացումը ամերիկյան քաղաքներում, ածխի սպառման համաշխարհային ծավալների կրճատումը եւ կանանց տնտեսական զարգացմանն աջակցելը Արեւմտյան Աֆրիկայում:
Չորրորդ եւ հինգերորդ տեղերում հայտնվել են Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ընտանիքը եւ ֆինանսիստ Ջորջ Սորոսը. նրանք բարեգործական նպատակներով ծախսել են 536 մլն դոլար եւ 531 մլն դոլար՝ համապատասխանաբար:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը զբաղեցրել են վարկանիշի վեցերորդ հորիզոնականը՝ բարեգործության վրա ծախսելով 400 մլն դոլար: Ընդամենը Forbes-ի վարկանիշում ներկայացված է 50 դիրք: Ցուցակը կազմվել է հրապարակված տվյալների հիման վրա եւ հաշվի չի առնում այն նվիրատվությունները, որոնք արվել են, բայց դեռ չեն փոխանցվել հայտարարված ստացողին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: