Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում
Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով:
Մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան՝ 82.6, 5-րդը՝ Ճապոնիան՝ 82.5 միավոր:
Մրցունակությունը գնահատվում է 12 հիմնական չափանիշների վերլուծության հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: Նշված 12 ուղղություններից 11-ում Հայաստանը առաջընթաց է գրանցել:
Նշանակալի առաջընթաց է նկատվել տեխնոլոգիական պատրաստվածության, առողջապահության, կրթության, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարական կարողությունների մակարդակները բնութագրող ցուցանիշների մասով:
Հետընթաց է արձանագրվել միայն մակրոտնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների ուղղությամբ: Անցյալ տարի Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը գնահատվել էր 74.6 միավոր, իսկ այս տարի՝ 72.4 միավոր, և դրանով վարկանիշային աղյուսակում Հայաստանի տնտեսությունը գրավել 84-րդ տեղը:
Չնայած այն հանգամանքին, որ Մրցունակության համաշխարհային ինդեքսում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը, այդուամենայնիվ դեռ շարունակում է հետ մնալ տարածաշրջանի երկրներից: Մասնավորապես Ադրբեջանը աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը, իսկ Վրաստանը 66-րդ տեղը: Տարածաշրջանի նշված երկու երկրները հետընթաց են գրանցել նախորդ տարվա համեմատ: