Ինչո՞ւ քննչական կոմիտեն չի վերադարձնում Yerevan.Today-ից առգրավածը

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում, խուզարկություն անցկացրեց Yerevan.Today լրատվական կայքում՝ առգրավելով մեկ համակարգիչ և երեք համակարգիչների կոշտ սկավառակները։ Խմբագրակազմը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց աշխատանքը խափանվել է։

Ի՞նչ զարգացում ունեցավ գործը, վերադարձրե՞լ են տեխնիկան․ դիմեցինք Yerevan.Today կայքի գլխավոր խմբագրին։

«Գործի ընթացքի մասին միայն գիտենք, որ փորձաքննություն է իրականացվում։ Համառորեն չեն վերադարձնում մեր տեխնիկան՝ հղում անելով փորձաքննությանը։ Ինձ մոտ արդեն տպավորություն է, թե մարդիկ, որ փորձաքննության համար հատկացվել են, նոր են մասնագիտանում, որ հետո անցնեն մեր տեխնիկան փորձաքննելու։ Չնայած նույն քննչական կոմիտեի հայտարարություններին, թե բարձր են դասում մամուլի աշխատանքը, միևնույն է՝ մեզ զրկում են մեր տեխնիկական միջոցներով աշխատելու իրավունքից։ Ավելին ասեմ, ԱԱԾ տնօրենը հոկտեմբերի 16-ին հայտարարեց, որ արդեն հայտնի է պատվիրատուների, գաղտնալսողների շրջանակը։ Ուրեմն և հայտնի է Yerevan.Today-ի՝ գաղտնալսման հետ կապ չունենալը»,- ասաց Սևակ Հակոբյանը՝ նշելով, որ Քննչական կոմիտեն պատրաստականմ է խմբագրությանը տրամադրել համակարգիչներում եղած արխիվի պատճենը։ Բայցև հավելեց, որ իրենց ամենօրյա աշխատանքի համար այս պահին առավել հրատապ է տեխնիկան։

Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ չեն վերադարձնում, խմբագիրը պատասխանեց․

Կարդացեք նաև

«Ինձ թվում է, որ այստեղ հարցը փորձաքննությունը չէ, այլ այն, որ իրենք չեն գտել ձևը, թե ինչպես վերադարձնել, որ աղմուկ չլինի, որ չստացվի, թե թեկուզ շնորհքով, բայց առանց հիմքերի էին ներխուժել լրատվամիջոցի խմբագրություն։ Ամեն դեպքում, իրենք համոզվեցին, որ տեխնիկա տանելով՝ չեն կրող լրատվամիջոցին լռեցնել։ Թեկուզ մեր աշխատանքը մի քիչ դանդաղում է, տեմպից ընկնում, բայց, այդուհանդերձ, հիմնական ասելիքն ընթերցողին ասում ենք»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս