ԵՄ-ի գագաթնաժողովում Brexit-ի շուրջ գործարք չի լինի. աղբյուր
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթանաժողովում չեն կարողանա համաձայնության հասնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ: Այդ մասին Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:
«Չորեքշաբթի մենք փոխզիջում չենք ակնկալում, հրաշք հազիվ թե տեղի ունենա»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնը մինչ այժմ չեն կարգավորել գլխավոր տարաձայնությունը, որը վերաբերում է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ապագա սահմանի հսկողության ռեժիմի հարցին: «Մենք փոխզիջում չունենք: Որոշումը, որը մենք առաջարկում ենք, Մեծ Բրիտանիան հրաժարվում է ընդունել:
Ներկայում այսպիսին է իրադրությունը, որը չի փոխվի մինչեւ չորեքշաբթի կամ նույնիսկ գագաթնաժողովում»,- պարզաբանել է նա: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, որը Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների նիստին, հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են:
«Դեռեւս մնում են տարբեր հարցեր, որոնք պետք է լուծել, հաղթահարել»,- ասել է նա: ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի գործարքը հնարավոր է, բայց հայտնի չէ՝ երբ: «Ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել, այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ, ոչ ոք չգիտի»,- նշել է նա: Հանթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երբեք չի ստորագրի այնպիսի գործարք, որը չի գոհացնի երկրին: «Միացյալ թագավորությունում բոլորը պետք է վստահ լինեն դրան»,- հավելել է նա:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: