
«Մեծ է հավանականությունը, որ առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ չընտրվելու կանխավարկածով». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ իր հրաժարականին հաջորդող 14 օրերի ընթացքում Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին շրջափուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: Այս մասին վարչապետն ասել է «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ.
«Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»,- ասել է վարչապետ Փաշինյանը: