Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչպես է քվեարկելու ընտրություններում
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախընտրել է զգուշավորություն դրսեւորել իրեն փոխարինողի ընտրության հարցում։ Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 28-ին, դրանց կմասնակցեն 25 թեկնածուներ: Մարգվելաշվիլին հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար: Լրագրողների այն հարցին, թե չի ափսոսում արդյոք դրա համար, նա շատ խուսափոխաբար է պատասխանել:
«Իմ անձնական հույզերը՝ ափսոսանքի կամ ցնծության զգացումները, երբեք չպետք է հետաքրքիր լինեն վրացական քաղաքական իրականության մեջ: Մենք երբեք չպետք է խոսենք այդ մասին: Մենք պետք է խոսենք այն որոշումների մասին, որոնք ընդունում են քաղաքական գործիչները, եւ այն մարտահրավերների մասին, որոնք ծառացած են հասարակության առջեւ: Հետեւաբար, այսօր իմ հույզերը քննարկելու ժամանակը չէ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ իր նախագահության ողջ ընթացքում ծառայում է պետությանը եւ փորձում է պաշտպանել նրա շահերը: Իսկ իր առաջիկա ընտրության հարցում նախագահն որոշել է ձեռնպահ մնալ: «Ես կքվեարկեմ այն Վրաստանի օգտին, որը, ինչպես 5,10,15 դար առաջ, վճռական է իր որոշումներում՝ պաշտպանելու հայրենիքը, ոչնչացնելու թշնամուն, որը նվաճել է մեր հայրենիքը, ապահովելու մեր քաղաքացիների պաշտպանվածությունը եւ այս երկրում ապրելու հպարտության զգացումը, որը կդառնա մշակույթի եւ մարդկության հոգեւոր կյանքի օրրաններից մեկը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել է Sputnik-ը: