Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլ-Ֆատահ Հալիլ Աս-Սիսին քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի ժամկետները, բիզնես համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:
Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսին և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարվա ընթացքում միայն աճի դրական դինամիկա է արձանագրել: Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսում ընթացող տնտեսական բարեփոխումները միտված են օտարերկրյա ներդրողների համար երկրի գրավչության բարձրացմանը: Եգիպտոսի և Աֆրիկայի, ինչպես նաև Արաբական Արևելքի երկրների միջև ազատ առևտրի գոտու առկայությունը ներդրումների համար երկիրն ավելի գրավիչ է դարձնում:
Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար կարևոր է զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը համարվում է երկրի տնտեսական ռազմավարական և երկարաժամկետ քաղաքականության մի մասը: Այդ առումով ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է կարևորագույն քայլ դառնալ: Եգիպտոսի նախագահն այդ ուղղությամբ բանակցությունների առաջին փուլի շուտ մեկնարկի հույս է հայտնել:
Եգիպտոսի ղեկավարը նաև կողմ է արտահայտվել իր երկրում Եգիպտոս-ԵԱՏՄ բիզնես համաժողովի անցկացմանն այս տարվա ձմռանը, որպեսզի Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի գործարար համայնքներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Ադդուլ-Ֆատահ Հալիլ Ալ-Սիսին նաև ընդգծել է Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծման ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հարցը մտնում է ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու առաջնահերթությունների մեջ: Այս առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է այն աշխատանքները, որ կողմերը իրականացրել են: Նա աջակցություն է հայտնել բանակցությունների առաջին փուլի մեկնարկը մինչև այս տարվա վերջ տալու առաջարկին:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի գործարար շրջանակների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու գաղափարը: