Սաուդյան Արաբիայի թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը
Նորությունների սաուդյան գործակալությունը (SPA) չի նշել, թե Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդյոք կորած լրագրող Ջամալ Հաշքաջիի շուրջ ստեղծված իրադրությունը: SPA-ի տվյալներով՝ միապետը Փոմպեոյի հետ քննարկել է պատմական հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջեւ։
Ինչպես հայտնել է սաուդյան պաշտոնական գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել էր Ռիադի Յամամա թագավորական նստավայրում: Բացի այդ, կողմերն արծարծել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը եւ համատեղ ջանքերը տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հոկտեմբերի 16-ին ժամանել է Էր Ռիադ՝ թագավորության ղեկավարության հետ քննարկելու Հաշքաջիի գործը: Փոմպեոն Սաուդյան Արաբիայից կուղեւորվի Թուրքիա:
Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի է թագավորության քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն էր մեկնել փաստաթղթեր ձեւակերպելու համար եւ այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել:
Հոկտեմբերի 6-ին Reuters գործակալությունը հայտնել է, որ թուրքական ոստիկանությունը դիտարկում է դիվանագիտական ներկայացուցչության շենքում լրագրողի սպանության վարկածը: Մինչդեռ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ արքայազն Հալեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը, հերքել է Հաշքաջիի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: