«Վթարներն ավելացել են. Չհիմնավորվեց այն տեղեկությունը, թե աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են». Տիգրան Քեյան
«Ճանապարհային ոստիկանությունը հսկողությունը մեղմացրել է, ինչի արդյունքում շատ վարորդներ դարձել են անկարգապահ, ավելացել են վթարները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը:
Նրա խոսքով՝ մի շարք հատվածներում կատարվել են փոփոխություններ, հետիոտնի համար նախատեսված որոշ հատվածներում լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել, որպեսզի անվտանգ լինի նրանց համար:
«Մի քանի գործառույթներ ևս կատարվում են Ճանապարհային ոստիկանության կողմից իրավիճակը մեղմելու համար»,- ասաց նա:
Տիգրան Քեյանի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով, վթարների պատճառ դարձած մեքենաներից միայն 10 տոկոսն է եղել աջ ղեկով:
«Չապացուցվեց, չհիմնավորվեց այն տեղեկությունը, թե աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են: Միայն տեսակետ կա, թե աջ ղեկով մեքենաները ձախակողմյան երթևեկության մեջ ավելի անապահով են: Դա՝ միայն այն հատվածներում, երբ միակողմանի է երթևեկությունը»,- նշեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը:
Տիգրան Քեյանի փոխանցմամբ՝ հիմնականում մեքենաները Հայաստան են ներմուծվում Վրաստանից՝ աջ ղեկը ձախի փոխելուց հետո:
Փաստորեն ծառայությունը կատարվում է այլ երկրում: Այնինչ, աջ ղեկը ձախի փոխարինելու աշխատանքը կարող էր իրականացվել ՀՀ-ում: Այս դեպքում գումարներն ամբողջությամբ գնում են դեպի Վրաստան»,- նկատեց Տիգրան Քեյանը:
Անի Կարապետյան