«Արցախի բանակցային գործընթացում սպասելի չեն կտրուկ փոփոխություններ»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ կապված իր ակնկալիքների մասին Ադրբեջանն արդեն հայտնել է՝ հանձին Իլհամ Ալիևի։ Նա համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Ն. Փաշինյանը կհասկանան, որ պետք է հայկական ուժերը դուրս բերեն ազատագրված տարածքներից և դրանով խաղաղություն հաստատեն տարածաշրջանում։ Պետք է նեղացնեմ Ալիևին, ասելով, որ նման բան չի լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազդեցությանը Արցախի բանակցային գործընթացի վրա։

Ըստ նրա, Ի. Ալիևը նույն մտադրությամբ Ադրբեջանի նախագահական ընտրությունները մի քանի ամսով արագացրեց և տանուլ տվեց ժամանակների մրցույթում։

Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ, Արցախի հարցը՝ որպես միջազգային նորմերում տեղավորվող հակադրություն երկու կողմերի՝ արցախահայության և Ադրբեջանի միջև, չի պահանջում նոր լուծումներ, քանի որ լուծումն արդեն կա, և արցախահայությունը հարցը լուծել է այնպես, ինչպես թույլ է տալիս միջազգային իրավունքը։

«Որևէ մեկը չի կարող համոզել, որ կարելի է այնպիսի քայլեր ձեռնարկել, որով վտանգի տակ կդրվի ոչ միայն առանձին անձի կամ մարդու անվտանգությունը, այլև մարդկային խմբի, այն է՝ արցախահայության։ Դրա համար ոչ միայն առանձին հուշագրեր ու պայմանագրեր են պահանջվում, այլև դրա վրա է ամբողջովին հիմնված միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների կոնցեպտը։ Պատահական չէ, որ երբևիցե միջազգային ատյաններում չի դրվել խնդիրը իրավական հիմքերի, ԼՂՀ-ի կամ արցախահայության կայացման, որովհետև ցանկացած կողմի համար սա տանուլ տված դաշտ է»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, որ Արցախի բանկակցային գործընթացում կլինեն կտրուկ փոփոխություններ, քանի որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության ուղղությունը չի փոխվի։ Բացի այդ, Արցախի հարցը չի կարող վերջնալուծում ստանալ Ադրբեջանի սցենարով։

«Արցախն ապացուցել է իր կայունությունը՝ որպես պետություն, և այդ ամենն ապացուցել է՝ ինչպես պատերազմական ժամանակներում և խաղաղ պայմաններում, այնպես էլ՝ 2016 թվականի ապրիլին»,- շեշտեց Լ. Ալավերդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս