«Այս իշխանությունների որոշ կադրային լուծումներ բավականին կասկածելի արդյունքներ տվեցին». Վիգեն Հակոբյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր երդմնակալության արարողության օրը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք կաշխատի՞ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքապետարանում աշխատած բաժնի պետերի, փոխքաղաքապետերի և այլ աշխատակիցների հետ, հետևյալն է ասել. «Շատ կարևոր է այն, որի մասին խոսեց նաև վարչապետը, որ բոլոր այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական բարձր հմտություններ և պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել մեր քաղաքին, բնակիչներին, ապա կաշխատեմ նրանց հետ։ Սակայն սա չի նշանակում, որ չեն լինելու կրճատումներ, չեն լինելու նոր նշանակումներ։ Բայց մենք գնահատելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ինստիտուցիոնալ հիշողություն և փորձ»։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ վերջին օրերին վարչապետի խոսքերում է նման նոտաներ տեսնում. «Նախկինում ավելի «սևսպիտակային» դաշտ էր, այսինքն՝ այն, ինչ մերը չէ, լավը չէ, հիմա կարծես թե դա փոխվում է։ Այն պահից սկսած, երբ քաղաքական օրակարգ դարձավ բարիկադները քանդելու խնդիրը, կարծես թե գործող իշխանությունը շատ ավելի հանդուրժող է դառնում՝ և՛ կադրային առումով, և՛ անցյալի գնահատման առումով։ Օրինակ՝ Ֆրանկոֆոնիայի հետ կապված՝ նույնիսկ հատուկ շնորհակալություն հայտնեցին ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Այն, ինչ ասել է Հայկ Մարությանը, այսօրվա իշխանության վերջին շրջանում որդեգրած քաղաքականությունն է, այսինքն՝ չմերժել ամեն ինչը, լավ մասնագետներին պահել»։

Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքապետարանի կադրերին, ապա քաղտեխնոլոգի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի նորն ու դրական հինը համագործակցեն. «Այս իշխանությունների որոշ կադրային լուծումներ բավականին լուրջ կասկածելի արդյունքներ տվեցին, և կարծում եմ, որ վարչապետի կարևոր խնդիրներից մեկն այն է, թե արդյո՞ք նա կարող է ռոտացիայի ենթարկել իր իսկ նշանակած կադրերին։ Մի բան է, երբ նշանակում ես կադրերին, այլ բան է, թե ինչ գնահատական ես տալիս նրանց աշխատանքին, կարողանո՞ւմ ես նրան վերանայել, երբ ձախողվում է»։

Վիգեն Հակոբյանն ասաց, որ վերջին օրերին կառավարությունում տեղի ունեցած նշանակումները ցույց են տալիս, որ պաշտոնների են գալիս փորձված կադրեր, որոնք վարկաբեկված չեն, բայց ամենևին էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման սկզբնական շրջանի տարիքային շրջանակի մեջ չեն մտնում.

«Եթե ինքը կադրեր չունի էլ, այնպես չէ, որ Հայաստանում ընդհանրապես կադրեր չկան։ Քաղաքական թիմերում էլ կան անձինք, որոնք, եթե նույնիսկ այս կամ այն չափով ասոցիացվել են նախկին ռեժիմի հետ, այնուամենայնիվ, իմիջային առումով խնդիրներ չունեն։ Եթե նրանք անհրաժեշտ են գործ անելու համար, այդ քայլը պետք է արվի։ Առավել ևս, որ կադրային ռեզերվի պակաս կարծես թե զգացվում է»։

Հ.Գ. Վիգեն Հակոբյանի հետ զրուցել էինք նախքան այսօրվա մարզպետների և նախարարների նշանակումը:

Տեսանյութեր

Լրահոս