«Շատ շուտով բոլորը կիմանան այն անունների մասին, որոնք պետք է գան». Հայկ Մարության
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ, մշակույթի և հասարակական գործիչներ։
Պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր քաղաքապետը դժվարացավ ասաց, թե արդեն զբաղեցրած պաշտոնում որը կլինի իր ընդունած առաջին որոշումը, սակայն վստահությամբ նշեց, որ բոլոր որոշումները հիմնված են լինելու միայն արդարության վրա։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կաշխատի՞ նախկին իշխանությունների ժամանակ քաղաքապետարանում աշխատած բաժնի պետերի, փոխքաղաքապետերի և այլ աշխատակիցների հետ, Հ. Մարությանը պատասխանեց.
«Շատ կարևոր է այն, որի մասին խոսեց նաև վարչապետը, որ բոլոր այն մասնագետները, որոնք ունեն մասնագիտական բարձր հմտություններ և պատրաստ են Նոր Հայաստանի օրենքներով ծառայել մեր քաղաքին, բնակիչներին, ապա կաշխատեմ նրանց հետ։ Սակայն սա չի նշանակում, որ չեն լինելու կրճատումներ, չեն լինելու նոր նշանակումներ։ Բայց մենք գնահատելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ինստիտուցիոնալ հիշողություն և փորձ» ։
«Կոնկրետ կադրային ի՞նչ փոփոխություններ կլինեն Երևանի քաղաքապետարանում» հարցին նորընտիր քաղաքապետը պատասխանեց, որ նման փոփոխություն սպասվում է «շատ շուտով, և բոլորը կիմանան այն անունների մասին, որոնք պետք է գան, ինչպես նաև նրանց մասին, որոնք քաղաքապետարանում հին կադրեր են»։
Լրագրողների հարցին, թե պատգամավորները և նախկին քաղաքապետերը երդման արարողությանը մասնակցելու հրավեր ստացե՞լ են, Հայկ Մարությանը պատասխանեց, որ բոլորին հրավեր ուղարկել են։
«Հրավեր ենք ուղարկել ԱԺ նախագահին, տեղակալներին, ԱԺ խմբակցություններին, հանձնաժողովների նախագահներին, վարչական շրջանների ղեկավարներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Անկեղծ, չգիտեմ, թե նրանք ինչու չեն եկել, գուցե քաղաքում չեն եղել, գուցե ցանկություն չեն ունեցել, կամ այլ խնդիր է եղել»,- փաստեց Հայկ Մարությանը։
Զվարթ Խաչատրյան