Ամերիկացիների մեծամասնությունը Կոնգրեսի ընտրություններում մտադիր է պաշտպանել դեմոկրատներին. հարցախույզ
Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտադիր է մասնակցել Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին եւ պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին: Այս մասին են վկայում հարցախույզի՝ հոկտեմբերի 15-ին ներկայացված արդյունքները, որը կատարել է ABC հեռուստաընկերությունը The Washington Post թերթի հետ համատեղ։
Հաստատ մտադիր է ընտրատեղամասեր գնալ հարցման մասնակիցների 76 տոկոսը, 12 տոկոսը, հավանաբար, կօգտվի քվեարկելու իր իրավունքից, իսկ շուրջ 10 տոկոսը վստահ չէ, որ կգնա ընտրությունների: Նրանց թվում, ովքեր պլանավորում են քվեարկել, 53 տոկոսը մտադիր է պաշտպանել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին, 42 տոկոսը՝ հանրապետական հավակնորդներին:
Այժմ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր է: Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ:
Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաեւ նահանգների եւ տարածքների 39 նահանգապետեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: