
Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը

Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանվել է Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը, քաղցկեղային հիվանդության դեմ պայքարից հետո: Այս մասին ասված է Vulcan ներդրումային ընկերության հրապարակած հայտարարության մեջ, ընկերություն, որը հիմնադրել է Ալենը:
«Խորը վշտով հայտնում ենք մեր հիմնադիր Փոլ Ալենի մահվան մասին»,- նշված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ալենը Microsoft-ը Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է 1975 թվականին: Այն բանից հետո, երբ նրա մոտ առաջին անգամ լիմֆոմա ախտորոշեցին, Ալենը հարկադրված էր հեռանալ ընկերությունից:
Ընդսմին նա պահպանել է կորպորացիայի բաժնետոմսերի մեծ փաթեթի վերահսկողությունը եւ շարունակել է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ: Ալենը կանոնավոր կերպով գումարներ էր տրամադրում բարեգործական ծրագրերի, հովանավորում էր գիտական հետազոտություններ եւ Սիեթլում հիմնել է Գիտական ֆանտաստիկայի թանգարանը:
Այս տարվա մարտին Forbes-ի հրապարակած՝ միլիարդատերերի ցուցակում գործարարն զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը՝ շուրջ 20,5 միլիարդ դոլար կարողությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: