Էջմիածին քաղաքում զոհված ազատամարտիկի կինը գիշերում է փլված տանը. խոստացել են օգնել, սակայն ոչինչ չեն արել
Զոհված ազատամարտիկի 57-ամյա կինը՝ Լուսյա Հովհաննիսյանը, արդեն 1,5 ամիս է՝ գիշերում է փլված տան ավերակների վրա։
Տիկին Լուսյան բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի սկզբնամասում՝ դստեր և երկու թոռնիկների հետ, սակայն վերջին ամսվա ընթացքում տան փլուզման հետևանքով դուստրը երեխաների հետ տեղափոխվել է բարեկամի տուն, իսկ տիկին Լուսյան գիշերում է փլված տանը, քանի որ գնալու այլ տեղ չունի։
168.am-ի հետ զրույցում Լ. Հովհաննիսյանը պատմեց, որ 1,5 ամիս առաջ երեկոյան տան մի հատվածը փլվել է, մյուս հատվածն էլ՝ փլվելու եզրին է։
«Զանգահարել եմ քաղաքապետարան, որ գան որևէ օգնություն ցույց տան, որպեսզի փողոցում չհայտնվեմ։ Փոխքաղաքապետը եկավ, ամեն ինչ իր աչքով տեսավ ու խոստացավ, որ կօգնեն, բայց մինչև օրս իրենց խոստումը չեն կատարում։ Հիմա էլ ասում են, թե վտանգավոր տուն է, մի կողմից վերանորոգեն՝ մյուս կողմը փուլ կգա։ Խնդրով դիմեցի նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին, խնդրեցի, որ գոնե մի փոքր տուն վարձեն, երկու ամսվա վարձը տան, գնամ՝ ապրեմ, մինչև աշխատեմ, իմ գումարը հավաքեմ, այնուհետև ինքս վարձը կտամ։ Վարձն ընդամենը 35 հազար դրամ էր, բայց քաղաքապետի պաշտոնակատարը ոչնչով չօգնեց, մեկ ամիս անց միայն 30 հազար դրամ տվեց։ Ես դաշտերում եմ աշխատում՝ լոլիկ ու վարունգ եմ հավաքում և դրա դիմաց վարձատրվում եմ, ամբողջ ցերեկն աշխատում եմ, գիշերը գնում, տանս ավերակների մեջ քնում։ Պետությունից ստանում եմ 10 հազար դրամ թոշակ, որպես զոհվածի կին, այդ գումարով ի՞նչ անեմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ Էջմիածնի քաղաքապետարանի կառավարման տակ եղել է բնակարան, և ցանկության դեպքում կարող էին ժամանակավորապես իրեն տրամադրել, սակայն քաղաքապետն ասել է, որ ազատ բնակարան չունեն, ուստի չեն կարող ոչինչ անել։
«Ես գիտեի, որ այդ տունը կար, բայց ինձ չտվեցին, այլ տվեցին այնպիսի մարդու, որ լավ էլ ապահոված է։ Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ զոհվածի կին եմ, միայնակ, այլ տեղ չունեմ գնալու, մի՞թե այսպես են հարգում իրենց քաղաքացուն։ Ես շատ բան չեմ ուզում, կա՛մ իմ տունը վերանորոգեն, կա՛մ մեկ այլ տուն տրամադրեն, որպեսզի փողոցում չապրեմ։ Փլված տունը նույնիսկ իմ սեփականությունը չէ, այն ամուսնուս եղբորն էր, որը ժամանակավորապես ինձ էր տրամադրել»,- նշեց Լուսյա Հովհաննիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի անգամ իր բողոքի ձայնն է բարձրացրել Էջմիածնի քաղաքապետարանի մոտ, սակայն որևէ մեկն իրեն ուշադրություն չի դարձրել։
«Ի՞նչ անեմ, հացադուլ հայտարարեմ ու նստեմ քաղաքապետարանի մոտ, որ իմ խնդրին ուշադրությո՞ւն դարձնեն»,- եզրափակեց Լուսյա Հովհաննիսյանը։
Զվարթ Խաչատրյան