Արմեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից
Արցախ կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Շուշիի կերպարվեստի թանգարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ Բակո Սահակյանի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ: «Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որևէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը:
Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլև կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ասել է ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահը հավելել է, որ չէր ցանկանա իր այցելությունն Արցախ առանձնացնել որպես հերթական պաշտոնական այց: «Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի: Ինչ-որ իմաստով ես տուն եմ գալիս: Այս անգամ այցելել եմ կնոջս հետ և մասնակցել Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»ին: Ես այստեղ ոչ միայն տեսա աշխատավոր մարդու վաստակածը, այլև համտեսեցի արցախյան բերք ու բարիքը:
Գտնվելով Շուշիի կերպարվեստի թանգարանում, որը կարճ ժամանակում շատ մեծ նկարների հավաքածու ունի, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների և տարբեր նկարիչների աշխատանքները, ուզում եմ ասել, որ սա ճարտարապետական արժեք հանդիսացող կառույց է, և ուրախալի է, որ այստեղ հաճախ տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ»,- նշել է ՀՀ Նախագահը: