
Գործարկվել է Իսրայելի և Սիրիայի սահմանի «Կունեյտրա» անցակետը

Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Անցակետի սիրիական կողմում տեղի է ունեցել դրա բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցել են պաշտոնական անձինք, ռուս եւ սիրիացի զինվորականներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի բժիշկներ, որոնք բուժօգնություն ցուցաբերելու կետ են կազմակերպել այստեղ:
Սիրիական կողմում բարձրացվել է Սիրիայի դրոշը: Արարողությունն ավարտվել է չեզոք գոտիով դեպի Իսրայել ՄԱԿ-ի ավտոմեքենաների անցումով:
Հսկիչ անցակետի բացման համար պայմաններ հայտնվեցին Սիրիայի հարավային շրջանների նկատմամբ կառավարական զորքերի վերահսկողության վերականգնումից եւ Իսրայելի հետ բաժանարար գիծ ՄԱԿ-ի խաղաղապահների վերադառնալուց հետո:
Ավելի վաղ անցակետն սպասարկում էր հիմնականում դրուզներին, որոնց համայնքը արաբա-իսրայելական պատերազմներից հետո հայտնվել էր սահմանի տարբեր կողմերում: Իսրայելցի զինվորականները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սահմանային անցումը բացել են չորս տարվա ընդմիջումից հետո:
«Կարելի է արդեն ասել, որ անցումը բացված է, բայց առայժմ միայն ՄԱԿ-ի ներկայացուցչիների համար»,- նշել է բանակի մամուլի ծառայության աշխատակիցը: Առաջին փուլում հսկիչ անցակետը կօգտագործեն միայն ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտակիրները»: