Բաժիններ՝

Մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել  ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:

Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ՝ «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:

Ներկաներին ողջունեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու հաջող քննարկումներ մաղթեց, իսկ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ երկրները կկարողանան համագործակցել գիտատեխնիկական ոլորտում:

«Մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի և  քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում  անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը նպաստում է երկրի զարգացմանը: Համագումարն արդյունավետ հարթակ է՝ ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության ակտիվացման, համատեղ հետազոտություններ ձևավորելու, գիտնականների միջազգային շարժունակության ձևավորման: Հույս ունեմ, որ կհաստատվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի միջազգային գիտական հետազոտությունների ավելացմանը, երիտասարդ գիտնականների համագործակցությունների խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների համակարգմանը»,- խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը:

Ֆորմումի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս