Ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին
«Royal Classic House» շենքի ցուցասրահում տեղի ունեցավ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին:
Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրանք շրջեցին սրահում, դիտեցին գործերը։ Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով՝ ասելով.
«Հրաշալի գործեր են, բոլորը կշահեն, եթե դրանցից մեկն ունենան իրենց տանը: Հասույթը, ամենայն հավանականությամբ, կհատկացվի մշակութային ոլորտին»:
168.am-ի հետ զրույցում Արմինե Աղայանցը հայտնեց, որ նկարչությամբ զբաղվում է 12 տարեկանից, սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, Գեղարվեստի պետական ակադեմիայի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետում:
«Գեղարվեստական ճաշակս ձևավորվել ու զարգացել է արվեստագիտության պրոֆեսորներ Էդուարդ Վարդանյանի, Արմեն Բուբուշյանի ու Սարո Գալենցի ակադեմիական դպրոցում: Նման ցուցահանդես կազմակերպելու գործում, իհարկե, դեր ունի Հայաստանում կատարված հեղափոխությունը: Ոգեշնչվեցի ու որոշեցի նման նախաձեռնությամբ հանդես գալ: Թավշյա հեղափոխությունը ներկայացնող նկար դեռ չունեմ, հուսամ՝ մեկ օր դա էլ կլինի»,- ասաց նկարչուհին:
Նշենք, որ ներկայացված է 26 կտավ, ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ