«Փաստն է, որ  այսօր ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, և այս խնդիրը պետք է հաղթահարվի». Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրավական ոլորտի մասնագետների այն մտահոգություններին, թե Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է, և այսօր ԱԺ-ն չունի մեծամասնություն, ուստի հարցը շտապ պետք է լուծվի վարչապետի հրաժարականով՝ նշեց, որ ինքը խնդիրն այլ հարթությունում է տեսնում: Ըստ նրա՝ ճգնաժամ ասվածի վերաբերյալ մեկնաբանություններն այլ կերպ են արվում, քան կան իրականում։

Նա մեջբերեց ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, և պետք է Ընտրական օրենսգիրքն ապահովի կայուն մեծամասնություն։

«Ահա սա է խորհրդարանական կառավարման լուծումներից մեկը՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ: Բայց կա նաև այլ կետ, որ, եթե  երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չապահովվեց, պետք է նոր ընտրություններ լինեն: Այստեղ օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետև խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է Ընտրական օրենսգրքին։

Հետևաբար՝ կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում է ԸՕ-ով, որը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ 6-օրյա ժամկետում, կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
ԲԴԽ նախագահը նաև տեղեկացրեց, որ այս ամենից զատ, ԱԺ կանոնակարգ-օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ։

«Սակայն խնդիրն այն է, որ այստեղ Սահմանադրությունը հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ այս կամ այն դաշինքից, միանալ այլ խմբակցության և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։ Փաստն է, որ  այսօր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, և այս խնդիրը պետք է հաղթահարվի։ Լուծումները Սահմանադրության մեջ են, և դրանով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե՝ քաղաքական աղմուկ բարձրացնել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031