Բաժիններ՝

Ստամբուլը ճանաչվել է Թուրքիայի ամենավտանգավոր, Էսքիշեհիրը՝ ամենից անվտանգ քաղաքը

Լրատվամիջոցների ուսումնասիրությամբ և մեդիա վերլուծություններով զբաղվող «PRNet» գործակալությունը կազմել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգ քաղաքների ցանկը։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել «Numbeo» վիճակագրական ընկերության տվյալներն ու մամուլում տեղ գտած հրապարակումները։

Աշխարհի ամենաապահով քաղաք է ճանաչվել Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին։ Այս քաղաքում հանցագործությունների մակարդակը կազմում է ընդամենը 11․74 տոկոս։ Երկրորդ տեղում Կատարի մայրաքաղաք Դոհան է (13.11 տոկոս)։ Երրորդ հորիզոնականում Ճապոնիայի Օսակա շրջանն է, որտեղ հանցագործությունների մակարդակը կազմում է 13․79 տոկոս։

Ուսումնասիրության համաձայն՝ ամենից շատ հանցագործությունները կատարվում են Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքում (85․18 տոկոս)։

Ուսումնասիրությունն ընդգրկում է աշխարհի 338 քաղաք։ Այս ցանկում Ստամբուլը ճանաչվել է Թուրքիայի ամենավտանգավոր, իսկ Էսքիշեհիրը՝ ամենաանվտանգ քաղաք։ Ստամբուլում հանցագործությունների մակարդակը կազմում է 49․83 տոկոս, Էսքիշեհիրում՝ ընդամենը 18․36 տոկոս։ Գործակալությունն ուսումնասիրել է նաև Թուրքիայի այլ քաղաքների անվտանգության մակարդակը։ Մանավորապես պարզվել է, որ մայրաքաղաք Անկարայում հանցագործությունների մակարդակը կազմում է 42․76 տոկոս, Իզմիրում՝ 27․16, Բուրսայում՝ 22․96 տոկոս։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2018թ․ անվտանգության և հանցագործությունների թեմայով մամուլում ընդհանուր առմամբ 317․737 լուր է տեղ գտել, որոնցում ամենից հաճախ խոսվում է գողության, բռնության, բռնաբարության և առողջությանը վնաս հասցնելու հանցագործությունների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս