«Սիրտս տխուր է». Ջիվան Գասպարյան
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու:
«Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող իմ տարեդարձը տոնել: Սիրտս տխուր է…Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90-ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ջիվան Գասպարյանը:
Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ջիվան Գասպարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Երևանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները: Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները: Այդ երեկոն նվիրված կլինի ինձ: Կհնչեն իմ գրված, ինչպես նաև ժողովրդական երգեր: Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,-ասաց Ջիվան Գասպարյանը:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Նույն թվականին անգլիացի երաժիշտ Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն:
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:
Աննա Գզիրյան