Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսում Մարալիկում. Դավիթ Սանասարյան
ՀՀ ն պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,- ասաց Սանասարյանը:
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը: «Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք՝ նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Մարալիկում տևական ժամանակ է՝ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ:
Հավելենք, որ երեկ Մարալիկի մեկ տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել էին «Ադեկվադ» ֆեյսբուքյան հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա: