Ի՞նչ ուղերձ է փոխանցել դեսպան Միլզը վարչապետ Փաշինյանին Ջոն Ադամսի գրքի միջոցով

«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված որևէ թաքնված ուղերձ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս հղած շնորհավորական նամակում նշելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվելիք հնարավորության մասին, նմանատիպ ուղերձ հղելով նաև Ադրբեջանի նախագահին ավելի վաղ:

Ռիչարդ Միլզն ասաց, որ որևէ թաքնված ուղերձ չկա: Նա նշեց, որ մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկրներում վերջին շրջանում՝ անցած տարի՝ ընտրություններ Ադրբեջանում, և այս տարի մայիսին՝ այս դրամատիկ փոփոխությունները Հայաստանում:

«Նախագահի ուղերձի այս խոսքերը կարծես վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նոր լիցքեր, տրամադրվածություններ, որը կարող է օգնել նոր լուծումներ գտնել, դա հույսի և ակնկալիքի դրսևորում է պարզապես»,- ասաց դեսպանը:

Մեկնաբանելով հարցը, թե ինչ ուղերձով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել Ջոն Ադամսի գիրքը, դեսպան Միլզն ասաց, որ ուղերձը շատ բարդ ու գաղտնի չէ: Նա նշեց, որ շատ ու շատ բաներով վարչապետին նմանեցնում է Ադամսին, որն ամերիկացի ժողովրդի հիմնադիր հայրերից է և դարձել է իրենց երկրորդ նախագահը:

«Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ ու ժողովրդավարություն տեսնել երկրում: Ադամսը, լինելով հռչակագրի ստորագրողներից մեկը, իր ողջ կյանքն ապրեց, որ ժողովրդի կամքը լսելի լինի»,- ասաց դեսպանը՝ շարունակելով, որ այն, ինչ Ադամսից վերցել են 250 տարի առաջ, կարևորն այն է, որ քաղաքական առաջընթաց լինի, պետք է լինի բաց քաղաքական երկխոսություն, որում ընդգրկված կլինեն բոլորը:

«Ես մակագրելով վարչապետին՝ այնտեղ մեջբերել եմ հետևյալ խոսքերը, որ հեղափոխությունը ԱՄՆ-ում չի եղել փողոցներում, այլ եղել է մարդկանց մտքում, մարդկանց մեջ, և նրանք կարողացել են իրար լսել: Այդ ուղերձը շատ արդիական է այսօր, ինչպես այն ժամանակ ԱՄՆ-ում: Ուզում էի՝ նա մի փոքր ավելի շատ իմանա Ադամսի մասին»,- ասաց դեսպան Միլզը:

Տեսանյութեր

Լրահոս