
«Ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց հոկտեմբերի 2-ին». Ռիչարդ Միլզ

«ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվա որոշումը ՀՀ կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն»,- այս մասին այսօր ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ամփոփող զեկույցի ներկայացումից առաջ լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:
Նա նշեց, որ դեսպանությունն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 2-ին, ինչպես բոլորը, իրենք նույնպես հետևում էին զարգացումներին: Նրա որակմամբ, ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց:
Ռ. Միլզի խոսքով, այն, ինչ դեսպանությունը ցանկանում է, հետևյալն է՝ որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու արդարացի, որպեսզի լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ:
«Եվ արդյունքում՝ ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն: Տարբեր կողմերի հետ խոսակացությունների ժամանակ հասկացել եմ, որ այն, ինչ բոլորը ցանկանում են, միմյանց հետ ընդհանուր փոխզիջումների գալն է, որն իր հետ կբերի կայունություն»,- ասաց դեսպան Միլզը: