Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կոկորինն ու Մամաևը ձերբակալված են
Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 2 առաջատար թիմերի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Կրասնոդարի համանուն թիմի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը հերթական անգամ հայտնվել են սկանդալի կիզակետում։ Այս անգամ նրանք մարդկանց են ծեծել Մոսկվայում։
Ռուսաստանի հավաքականի ու «Զենիթ» և «Կրասնոդար» ակումբների պատասխանատուներն արդեն իսկ արձագանքել են տեղի ունեցածին։
Մասնավորապես, «Զենիթը» ցանկանում է խզել պայմանագիրը թիմի հարձակվող Ալ. Կոկորինի հետ, իսկ «Կրասնոդարն» էլ իր հերթին՝ հայտարարել է, որ Պ. Մամաևի նկատմամբ կկիրառվեն հնարավոր բոլոր պատժամիջոցները։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Կոկորինի ու ակումբի միջև պայմանագիրը գործում է մինչև 2019թ. ամառ։ Նրանում կետ կա այն մասին, որ ակումբը կարող է վաղաժամ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի կողմից վարքագծի կանոնների կոպիտ խախտումների դեպքում։ Պաշտոնական հայտարարության մեջ «Զենիթ» ակումբը չի խոսել հնարավոր պատժամիջոցների մասին, սակայն հայտարարել է, որ Կոկորինի արարքն ամոթալի է։
«Այս պահին «Զենիթի» ղեկավարությունն ու երկրպագուները, բացի հիասթափությունից, ոչինչ չեն զգում, քանի որ երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն իրեն ահավոր է պահել»,- մասնավորապես ասվում է «Զենիթի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Կրասնոդար» ակումբն էլ իր հերթին՝ հայտարարել է, որ այս պահին դիտարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։ Ցավոք, դրանք այնպես են կազմված, որ առավելագույնս պաշտպանում են պրոֆեսիոնալ մարզիկների շահերը։ Սակայն ակումբում հայտարարել են, որ ամեն ինչ կանեն դրան հասնելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոկորինն ու Մամաևը ժամանել են Մոսկվա ու մեկ առավոտվա ընթացքում մասնակցել 2 ծեծկռտուքի։ Նախ նրանք ևս 3 հոգու ընկերակցությամբ ծեծել են հեռուստահաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ինչի արդյունքում վերջինս գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ուշակովան դիմել է իրավապահ մարմիններին, և ոստիկանությունը հարուցել է քրեական գործ։
Ապա ընկերախումբն ուղևորվել է դեպի մոսկովյան սրճարաններից մեկը։ Այնտեղ արդեն հարբած վիճակում նրանք վիճաբանության մեջ են մտել ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության դեպարտամենտներից մեկի տնօրեն Դենիս Պակի ու ՌԴ Ավտոմոբիլային ու մեքենաշարժիչային կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Գայսինի հետ։ Կոկորինը Պակի դեմքին հարվածել է աթոռով, վերջինս գանգուղեղային վնասվածք է ստացել ու հիվանդանոց ընկել։ Այս դեպքով ևս քրեական գործ է հարուցված։
Կոկորինն ու Մամաևը ձերբակալված են։
ՌԴ սպորտի նախարարն էլ իր հերթին՝ հայտնել է, որ ֆուտբոլիստները հավանաբար այլևս երբեք չեն խաղա հավաքականում։ Կրեմլում նույնպես դատապարտել են Ֆուտբոլիստների վարքագիծը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Կոկորինի ու Մամաևի մասնակցությամբ սա առաջին միջադեպը չէ։ Նրանք միշտ էլ աչքի են ընկել իրենց ոչ պատշաճ վարքագծով։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը