
Իրանի ԿԲ-ի ղեկավարն անարդյունավետ է համարել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասը

Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասն անարդյունավետ եղան Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերի շնորհիվ: Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտարարել է ԿԲ-ի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։
«Մեր ջանքերն անարդյունավետ դարձրեցին պատժամիջոցների մեծ մասը, եւ այժմ երկիրը բավարար օժանդակություն ունի տնտեսական պատերազմին դիմակայելու համար»,- մեջբերում է Mehr գործակալությունը Հեմաթիի խոսքը: Նա ընդգծել է, որ «Իրանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամիները փորձում են թուլացնել երկրի ժողովրդի համերաշխությունը»:
Հեմաթին շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանությանը Կենտրոնական բանկին աջակցելու համար: «Լիազորությունների հաշվին, որոնք Կենտրոնական բանկին տրամադրել են իշխանության բոլոր երեք ճյուղերրը, մեզ հաջողվում է արդյունավետորեն գործել երկրի շուկայում»,- ասել է նա:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հեմաթիին Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակել հուլիսի վերջին: Նշանակումը տեղի է ունեցել երկարատեւ արժութային ճգնաժամի ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: