Արա Բաբլոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեւիչուսին:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվելու կապակցությամբ` բարձր է գնահատել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի ղեկավարությանը փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել հայ-լիտվական հարաբերությունների վրա: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ վկայեցին, որ մեր երկիրը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ճանապարհով: «Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինձ համար կարեւոր է, որ բոլոր որոշումները լինեն քաղաքական քննարկումների եւ փոխհամաձայնության շրջանակում: Հուսով եմ, որ այս պահին ընթացող բանակցությունները կավարտվեն հօգուտ մեր երկրի ու ժողովրդի՝ առանց ցնցումների եւ չեն նվազեցնի մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում»,-ասել է Արա Բաբլոյանը:

Լինաս Լինկեւիչուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը: Նա կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Նախարարը մի շարք ոլորտներում փոփոխություններ իրականացնելու հարցում իրենց երկրի ունեցած փորձը փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: Լինաս Լինկեւիչուսն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն` Արա Բաբլոյանը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով առաջին հերթին մարդու իրավունքների խնդիր` հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

 

Տեսանյութեր

Լրահոս